Մարզպետարանները օպտիմալացման շեմին. ի՞նչ է սպասվում աշխատակիցներին

Մարզպետարանները օպտիմալացման շեմին. ի՞նչ է սպասվում աշխատակիցներին

Մամուլը գրել էր, թե ՀՀ գրեթե բոլոր մարզպետարաններում, բացի ստուգումներից, լուրջ կրճատումներ են նախատեսվում, պառճառը Կառավարության օպտիմալացման ծրագիրն է։

Ըստ մամուլի՝ կրճատումները իրականացվելու են մարտի 1-ից. խոսքը մի քանի տասնյակ աշխատակիցների մասին է, որոնք ոչ միայն չեն ստորագրել աշխատանքից ազատման դիմումները, այլև հայտարարել են, որ իրենց հետ կան կնքված աշխատանքային պայմանագրեր, և իրենք չեն պատրաստվում որևէ արհեստական գործընթացի մաս կազմել։

MediaHub-ը զրուցեց Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի մարզպետերի հետ, վերջիններս վստահաբար կրկնեցին՝ ոչ մի կրճատում չի նախատեսվում, պարզապես խոշորացումներով պայմանավորված 2-3 աշխատող հնարավոր է ազատվի աշխատանքից, բայց սա էլ վերջնական չէ։

Այդպես, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը նշեց, որ որևէ կրճատում օրակարգում չկա.

«Հնարավոր է, որ հետագայում հաստիքային փոփոխություններ լինեն, որն էլ արդեն պարզ է, թե ինչով է պայմանավորված։ Հիմա մի քանի կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում, որոնք շատ չնչին են և գուցե չլինեն էլ։ Բնական է, որ համայնքային խոշորացումներն իրենց հետևանքն ունենալու են, բայց այս պահին ոչինչ չկա և եթե անգամ գործընթացն էլ սկսվի՝ 1-2 անձի մասին է խոսքը լինելու»,-ասաց նա։ 

Գեղարքունիքի և Տավուշի մարզպետերը ևս պնդեցին, որ այն, ինչ խոսվում է մամուլում, իրականության հետ չի համապատասխանում։ 

«Կառուցվածքային փոփոխություններ են, կադրային ջարդ, բնականաբար, չի լինելու։ Փոփոխությունների դեպքում էլ 3 անձ, հավանաբար, կազատվի աշխատանքից․ սա էլ դեռ հստակ չէ»,-փոխանցեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ 

Տավուշի մարզպետ Հայկ Ղուլյանն էլ պնդեց, որ իր մարզում նման խնդիր չկա։ 

«Եթե լինի, 1-2 աշխատողի մասին է խոսքը, որոնց խնդիրը ևս լուծելի է։ Մեզ մոտ 88 գործող հաստիք կա, որը պետք է դառնա 77, բայց մենք թափուր հաստիքներ ունենք և կադրային տեղափոխությունների արդյունքում գրեթե խնդիր չենք ունենում։ Այն 2 աշխատողները, որ կարող էին աշխատանքից ազատվել, պարզապես այլ պաշտոնի կնշականկվեն»։ 

MediaHub-ի այն հարցին, թե գործազուրկ դառնալու վախից ելնելով որոշ աշխատողներ ասել են, որ կբողոքեն, մեր զրուցակից 3 մարզպետն էլ ասացին, որ նման խոսակցություն չի եղել, բայց բողոքը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, սակայն նման հարց այս պահին չկա։ Դիտարկմանը, թե, ըստ մամուլի, սա ձեռագիր է, որպեսզի ազատվեն իշխանության համար անցանկալի մարդկանցից, Արագածոտնի մարզպետը պատասխանեց․ 

«Մինչև հիմա մարզպետարանում կա աշխատող, որը 1996 թվականից աշխատում է։ Շատ աշխատողներ կան, որոնք վաղուց են աշխատում, նախկինում գուցե նաև կուսակցականներ են եղել կամ հիմա էլ են կուսակցական, սա ինձ համար կարևոր չէ: Կարևոր է, որ լավ աշխատեն, այլ ոչինչ չկա»,-ասաց Մովսիսյանը։

«Գեղարքունիքի մարզպետ նշանակվելուց հետո միայն իմ օգնականների, խորհրդականների շրջանում եմ փոփոխություններ արել, մնացյալ բոլոր աշախտողները տասնյակ տարիներ աշխատել են մարզպետարանում»,-ընդգծեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ 

Տավուշի մարզպետը ևս վստահեցրեց՝ իրենց մոտ էլ նման խնդիր չկա։

Լիաննա Թորոսյան