Իշխանությունը փնտրում է բարեխոսող Մոսկվայում, Փաշինյանի խուճապը, Քոչարյանի մեկնարկը. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակը» գրում է ․ Մյունխենում անվտանգության համաժողովին անպտուղ մասնակցությունից հետո, զգալով, որ այդ այցն էլ լուրջ դիվիդենտներ չբերեց, Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ին հրահանգել էր՝ ջախջախել ՀՀ երկրորդ նախագահի ասուլիսը: Սակայն ինքը ձեւացնում էր, թե իբր չի նկատում Քոչարյանին եւ իր էջում մանկապարտեզների հիմնանորոգման, 2010 թ. էժանագին «Ռենջ Ռովեր» մեքենա հետ բերելու մասին գրառումներ էր անում, ինչը դաժան ծաղրի էին ենթարկում իր հետեւորդները։
Իսկ ՔՊ-ականները որոշել էին լրագրողների «հացը խլել» ձեռքներից եւ մեկը մյուսին հերթ չտալով՝ պատգամավոր, ավագանի, շարքային ՔՊ-ական, սորոսական, արեւմտամետ, մեկնաբանում-սղագրում էին Քոչարյանի ասածները՝ մատնելով շեֆի ցայտնոտը: Ինչ վերաբերում է ասուլիսին, ապա Ռոբերտ Քոչարյանը դրանով ազդարարեց նախընտրական փուլի մեկնարկի եւ այդ գործընթացին իր անմիջական մասնակցության մասին՝ լինեն դրանք հերթական, թե արտահերթ ընտրություններ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականների մի խումբ Արսեն Թորոսյանի գլխավորությամբ շարունակում է Անահիտ Ավանեսյանին պաշտոնից հեռացնելու ուղղությամբ օրուգիշեր աշխատել:
«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Անահիտ Ավանեսյանը ուրբաթ օրը փակ հանդիպում է ունեցել ՔՊ-ականների հետ: Մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել փակ հանդիպումից: Այսպիսով, նախ տեղեկացանք, որ քիչ թվով ՔՊ-ականներ են ներկա եղել հանդիպմանը, որոնք խայթող հարցեր են ուղղել Ավանեսյանին, եւ նպատակ են ունեցել ցույց տալու, որ վերջինս չի տիրապետում իրավիճակին: Փակ հանդիպմանը հիմնականում քննարկվել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ծրագիրը, բայց իրական նպատակը եղել է «նեղը գցել» Ավանեսյանին ու Փաշինյանի մոտ ցույց տալ, որ Ավանեսյանը անարդյունավետ նախարար է ու պետք է հեռացվի:
Անահիտ Ավանեսյանի դեմ ջանասիրաբար աշխատում է հատկապես ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերջերս նշանակված Արսեն Թորոսյանը, ինչպես նաեւ հանձնաժողովի մյուս անդամները:
Չնայած սրան` ՔՊ-ից մեզ փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն այդքան էլ հակված չէ հեռացնելու Ավանեսյանին, քանի որ նրան համարում է «հնազանդվող ու ենթարկվող» նախարար, որը երբեք չի հակաճառում իրեն: Բայց Արսեն Թորոսյանը, կարծես թե, երազում է վերադառնալ նախարարի աթոռին»:
«Իրավունք» թերթը գրում է. «Դեռեւս ճշտվող տեղեկությունների համաձայն` Նիկոլ Փաշինյանն արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջոցով փորձում է կապի դուրս գալ ռուսաստանյան ղեկավարության հետ եւ որոշակի մեսիջներ հղել: Ի՞նչ է փոխվել իշխանության ներսում, լավատեղյակ աղբյուրները բացատրում են նրանով, որ խնդիր կա` մինչ ռուսների եւ ամերիկացիների ինտենսիվ բանակցությունների մեկնարկը՝ ցույց տալ, որ հայաստանյան իշխանություններն առնվազն լոյալ են պաշտոնական Մոսկվայի հանդեպ։
Սակայն դիվանագիտական խողովակներով գործը գլուխ չի գալիս, քանի որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ այս օրերին գտնվում է Սաուդյան Արաբիայում՝ խիստ զբաղված լինելով ամերիկացիների հետ բանակցություններով: Հետեւապես, Փաշինյան Նիկոլին ոչինչ չի մնում, քան ՌԴ-ում հայազգի մեծահարուստների միջոցով ինչ-ինչ հարցեր լուծել՝ Կրեմլին հասցնելով մոտավորապես այսպիսի մեղայական, թե՝ «Լադիմիր Լադիմիրիչ, էլ չեմ անի»:
Ահա, թե ինչու են նաեւ իշխանական պատգամավորները մեկը մյուսի հետեւից պնդում, որ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծին կողմ քվեարկելը դեռ չի նշանակում, որ իշխող ուժը պատրաստ է Հայաստանը տանել Եվրամիության անդամակցման»