Թղթի կտորով չի որոշվում, ինչո՞վ ենք մենք պակաս մյուսներից. ո՞րն է ուսուցիչների պահանջը

Թղթի կտորով չի որոշվում, ինչո՞վ ենք մենք պակաս մյուսներից. ո՞րն է ուսուցիչների պահանջը

Այսօր Կառավարության շենքի դիմաց ուսուցիչների մի խումբ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել, քանի որ մնացել են գործազուրկ։ MediaHub-ի հետ զրույցում ուսուցիչներից մեկը, ով միջին մասնագիտական կրթություն ունի և անցել է ատեստացիա, որպեսզի աշխատանքը շարունակելու հնարավորություն ունենա, ասաց, որ նախարարի հետ հանդիպում են պահանջում, սակայն հույս չունեն։ 

«Այստեղ հավաքվածների մեծ մասը հավաքել է 50%-ից ավելի. հույս ունեինք, որ օրենքը մեզ էլ է վերաբերվում՝ գնացել ենք ատեստավորման: Իսկ հիմա մեզ երկրորդ անգամ հնարավորություն չեն տալիս ատեստավորման գնալու, սակայն բարձրագույն կրթություն ունեցողներն ընդհուպ մինչև երրորդ անգամ կարող են գնալ ատեստացիայի»,- նշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, իրենց պարզաբանում են այսպես, թե՝ այսքան ժամանակ ունեիք, գնայիք, սովորեիք։ 

«Թղթի կտորով չի որոշվում, ինչո՞վ ենք մենք պակաս մյուս ուսուցիչներից, չէ որ նույն թեստն ենք գրելՄենք նախարարի հետ հանդիպում ենք պահանջում, սակայն վարչության պետն իջավ և ասաց, որ բողոքը գրենք ու գցենք արկղի մեջ, իրենք կնայեն ու կքննարկեն, բայց այդ արկղն այնքան մեծ է, որ մի երկու տարի պետք կգա նամակները կարդալու համար։ Մեզ պետք է շատ արագ այս հարցին լուծում ստանալ, քանի որ կեսին արդեն աշխատանքից ազատել են, կեսի դիմումներն էլ սպասում են: Մեզ եթե շուտ ասեին, որ մեզ չի վերաբերվում՝ մենք այսքան չէինք վրդովվի»,- ասաց նա:

Այսպես, «Հանրակրթության մասին» օրենքում արված փոփոխությունների համաձայն՝ միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները պետք է աշխատանքից ազատվեին, սակայն, հետագայում մեկ այլ փոփոխություն ևս արվեց, ըստ որի՝ ուսուցիչները կարող են շարունակել աշխատել, եթե մասնակցեն կամավոր ատեստացիայի և հաղթահարեն անցողիկ շեմը։ Ուսուցիչներից մեկը, որ 59% արդյունք է ցուցաբերել, մինչ այս պահը հրամանագրից հասկացել էր, որ իրավունք ունի վերաատեստավորման, սակայն իրեն տեղեկացրել են, որ ինքն աշխատանքից ազատման է ենթակա, քանի որ միջին մասնագիտական կրթություն ունի։

Մարիա Զարգարյան