Ինչպե՞ս են նշում ուսումնական տարվա սկիզբը տարբեր երկրներում

Ինչպե՞ս են նշում ուսումնական տարվա սկիզբը տարբեր երկրներում


Մեր բոլորիս պատանեկության հուշերում ուրույն տեղ ունի Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի օրը, որը նշանավորում էր ուսումնական տարվա սկիզբը:

MediaHub.am-ը ձեզ համար հավաքագրել է մի քանի երկրների օրինակները, թե ինչպես են նշում կրթության և գիտության օրը աշխարհի տարբեր ծայրերում։

Գիտելիքի օրը սեպտեմբերի 1-ին նշելը սկսվել է 1984 թվականից ԽՍՀՄ գերագույն խորհրդի հրամանով: Այն հայտարարվել է համազգային տոն:
Հետխորհրդային երկրներից շատերը շարունակում են ուսումնական տարվա սկիզբը նշել Գիտելիքի օրը՝ պահպանելով խորհրդային ավանդույթը:

Ըստ ընդունված ավանդույթի՝ դպրոցականները դասղեկներին և ուսուցիչներին ծաղիկներ են նվիրում, պետական պաշտոնյաները շնորհավորական ուղերձներ են հղում:

2004 թվականին սեպտեմբերի 1-ին Բեսլանում տեղի ունեցած ողբերգական ահաբեկչությունից հետո այդ օրը համարվում է նաև զոհերի հիշատակի օր:

Իսկ օրինակ «Ծագող արևի» երկրում՝ Ճապոնիայում, ուսումնական տարին սկսվում է ապրիլին, երբ ծաղկում է երկրի խորհրդանիշ ծառը՝ սակուրան: Համարվում է, որ գարունը նոր կյանքի սկիզբ է ու սովորելու ամենաճիշտ ժամանակն է:

Իսրայելում ուսումնական տարին մեկնարկում է սեպտեմբերի 1-ին: Տոնական մասը տեղի է ունենում նույն օրը՝ երկրորդ դասաժամին, երբ երեխաներն իրենց երազանքներն են գրում փուչիկների վրա և օդ բաց թողնում:


Կանադայում դասերը սկսվում են սեպտեմբերի առաջին երեքշաբթի օրը՝ Աշխատանքի օրը («Labor Daу») նշելուց հետո, իսկ ԱՄՆ-ի յուրաքանչյուր նահանգ ինքն է սահմանում դասերի մեկնարկի սկիզբը: Դասերի առաջին օրվանից մի քանի շաբաթ անց ծնողները կազմակերպում են երեկույթ, որին գալիս են ընտանիքներով և լավ ժամանակ անցկացնում:


Մեր հարևան Վրաստանում էլ վերջին տարիներին նկատելի են կրթական ոլորտի փոփոխությունները: Նախ՝ դասերը մեկնարկում են սեպտեմբերի կեսից, բացի դրանից՝ վրաստանյան դպրոցականները ստանում են ֆինանսական կրթություն, իսկ գնահատականներ չկան մինչև 5-րդ դասարանը:

Հայաստանի հարավային հարևան Իրանում դասերը մեկնարկում են սեպտեմբերի 23-ին, իսկ գնահատման համակարգը նման է մեր համալսարանականին՝ 20 բալանոց:


Եվրոպական երկրներից գեղեցիկ ավանդույթով աչքի է ընկնում Գերմանիան. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին սկսվող դասերին ընդառաջ առաջին դասարանցիները ծնողների հետ պատրաստում են «Schultüte»՝ կոնաձև պայուսակ: 19-րդ դարի սկզբից եկող այս ավանդույթը սիրելի է ինչպես դպրոցականներին, այնպես էլ նրանց ծնողներին: Կոնաձև պայուսակը հնում լցվում էր քաղցրավենիքով, իսկ այժմ, հանուն առողջության, այն լի է գրենական պարագաներով, գրքերով:     

                       

Նիդերլանդներում, երբ լրանում է երեխայի 4 տարեկանը, հենց հաջորդ օրը նա գնում է դպրոց՝ էքսկուրսիայի: Եթե ծննդյան օրը համընկնում է արձակուրդի հետ, էքսկուրսիայից հետո երեխան վերադառնում է տուն և սկսում ուսումնառությունն արձակուրդից հետո:


Սկանդինավյան երկրներում դասերը սկսվում են օգոստոսին՝ Շվեդիայում օգոստոսի 3-րդ շաբաթից, Ֆինլանդիայում՝ օգոստոսի կեսից: