Սև ամպեր Հրաչի գլխին, նորահայտ ՄԻՊ և պարեկայինի պետ, հանք՝ Իշխանասարում, ԵՄ լռություն․ Մամուլը՝ սուրճով

Սև ամպեր Հրաչի գլխին, նորահայտ ՄԻՊ և պարեկայինի պետ, հանք՝ Իշխանասարում, ԵՄ լռություն․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հակակոռուպցիոն կոմիտեն անցել է գործի, եւ իրավապահները մեկը մյուսի հետեւից մեղադրանքներ են առաջադրում քաղաքապետարանի պաշտոնյաներին: Մասնավորապես, մեղադրանքներ են առաջադրվել ՔՊ անդամ, Երեւանի քաղաքապետարանի կարգավիճակ չունեցող գույքերի բաժնի պետ Տարոն Միրոյանին, ձերբակալվել էին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը, որը 2 օր առաջ էր դիմում գրել եւ ազատվել աշխատանքից, եւ Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի ԺՊ Դավիթ Դալաքյանը: Քաղաքապետարանում տիրող իրավիճակի, Հրաչյա Սարգսյանի շուրջ առկա իրավիճակի մասին «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է գրել:

Մասնավորապես, պետական մարմինների մոտ կասկածներ են հարուցել չինական «Ժոնգ տոնգ» (Jhong Tong) ընկերության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ ավտոբուսների ձեռք բերման ընթացքը: 2022թ.-ին քաղաքապետարանի կողմից հայտարարվել էր մրցույթ նույն ավտոբուսների ձեռք բերման համար, եւ հաղթել է չինական «Ժոնգ տոնգ» (Jhong Tong)-ը: Որոշակի շրջանակներում կան տեղեկություններ, որ Միացյալ Էմիրություններում բացված օֆշորային ընկերության հաշիների վրա «Ժոնգ տոնգ»-ի կողմից կատարվել են «անհասկանալի» փոխանցումներ. դրանք ձեւակերպվել են որպես ծառայությունների մատուցում կամ նմանատիպ այլ գործարքներ:

Խոսքը հարյուր հազարավոր դոլարների մասին է: Չի բացառվում, որ այս գործի շրջանակները էլի ընդլայնվեն՝ հասնելով միչեւ Հրաչյա Սարգսյան, որն անակնկալ (գուցե այս գործով պայմանավորված) հրաժարական տվեց:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՔՊ-ն երկար փնտրտուքներից հետո վերջապես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու գտավ:

«Քաղաքացիական պայմանագիրը» ՄԻՊ թեկնածու է առաջադրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին, որը նաեւ դատախազ Աննա Վարդապետյանի մտերիմ ընկերուհին է:

Երեկ ՄԻՊ թեկնածուն խորհրդարանում ՔՊ-ականների հետ փակ հանդիպում է ունեցել:

ՔՊ-ի ու ՄԻՊ թեկնածուի հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փակ հանդիպման ժամանակ ՔՊ-ականներից միայն մի քանիսն են հարցեր ուղղել թեկնածուին, մյուսները լսողի դերում են ընդամենը եղել: Թեկնածուն տրիվիալ ճշմարտություններ է ասել, արագ ամփոփել հանդիպումը:

Հավելենք, որ իշխանական ՄԻՊ թեկնածուն անակնկալ է եղել նաեւ ՔՊ-ական պատգամավորրների համար: Միայն ֆրակցիայի ղեկավարն ու քարտուղարն են նախապես իմացել այդ մասին, մյուս պատգամավորները հանդիպումից քիչ առաջ են իմացել՝ ով է իրենց ՄԻՊ թեկնածուն, մի մասն էլ ընդհանրապես հանդիպման ժամանակ են «բացահայտել» թեկնածուին: ՔՊ խմբակցության ղեկավարության գաղտնապահությունը, սակայն, չստացված էր, քանի որ ArmLur.am-ը երեկ կեսօրին հրապարակեց, թե ով է ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն, եւ թե ինչպես են նրա գոյությունը գաղտնի պահում հենց իշխանական պատգամավորներից:

ՔՊ-ում կասկածում են, որ մեր ինֆորմացիայի աղբյուրը Արթուր Հովհաննիսյանն ու Հայկ Կոնջորյանն են:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում գտել են Պարեկային ծառայության պետի հավանական թեկնածուին եւ նրա հարցը կբարձրացնեն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինս նոր ձեւավորված Ներքին գործերի նախարարության Երեւան քաղաքի ոստիկանության վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանն է:

Իրավապահ համակարգում նրա թեկնածությունը կառաջարկեն. կհամաձայնի նա, թե ոչ, ցույց կտա ժամանակը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունը՝ ի դեմս ոստիկանության, երկար ժամանակ Պարեկային ծառայության պետ չի կարողանում գտնել. փնտրում են համակարգից մեկին, որն ի վիճակի կլինի ծառայությունը վերահսկելու եւ կանոնակարգելու, իրական բարեփոխումներով առաջ տանելու։ Նշենք, որ փետրվարի 16-ին ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։

Նրան ազատեցին, երբ մի խումբ պարեկներ տեւական ժամանակ չէին կարողանում Հանրապետության հրապարակի մայթերին անկանոն եւ վտանգավոր պտույտներ անող «Համերին» կանգնեցնել. երբ հաջողվեց, վարորդն արդեն փախուստի էր դիմել։ Երիտասարդը ձերբակալվեց որոշ ժամանակ անց ու կալանավորվեց։ «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում մշտապես անդրադարձել է կադրային խնդիրներին. չկան փոխնախարարներ, պաշտոնները ամիսներով, տարիներով թափուր են:

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքում ադրբեջանցիներն առեւանգել են ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, Խնձորեսկի 37-ամյա բնակիչ Մարտին Գյուլնաջարյանին, ով երեք երեխայի հայր է։ Ընդ որում՝ պայմանագրայինը մեքենայով հաց տանելիս է եղել մարտական հերթափոխություն իրականացնող զինծառայողներին ու գերեվարվել է ՀՀ սուվերեն տարածքից։

Ուշագրավ է, որ դեպքի մասին Հայաստանում ԵՄ դիտորդները լռում են, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը հավակնոտ հայտարարություններ էր անում, թե ԵՄ դիտորդները տեղակայվելու են ՀՀ սահմանի ողջ երկայնքով եւ վերահսկելու են սահմանային միջադեպերը, արձանագրելու են, թե ով է սադրիչ գործողությունների դիմում։

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ֆանտոմ գրուպ» ՍՊԸ-ն նախատեսում է շահագործել Իշխանասարում գտնվող Սիսիանի բազալտի հանքավայրը։ Երեկ Իշխանասարի վարչական շենքում տեղի է ունեցել 4-րդ հանրային լսումը։ Իշխանասարցիները դեմ են հանքի շահագործմանը, թեպետ համայնքից ասում են, որ «Ֆանտոմ գրուպը» ֆանտաստիկ սոցիալական ծրագրեր է առաջարկում։ Բաց հանքը 35 մետր հեռավորության վրա է լինելու պտղատու այգիներից եւ բնապահպանական լուրջ վնաս է հասցնելու։ «Ֆանտոմ գրուպ»-ի հիմնադիրն Արմեն Բադալյանն է՝ հանրապետական նախկին պատգամավոր, Ռ․ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանի եղբորորդին։ Արմեն Բադալյանը նաեւ «Ա․Ա․Բ․ պրոյեկտ» ՍՊԸ-ի հիմնադիրն է, որն իրականացնում է ճանապարհաշինարարական աշխատանքներ։ Այս պահին՝ Տաթեւ-Լծեն, Լծեն-Շամբ ավտոճանապարհների կառուցումը։

Վերջերս ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը տեղում ծանոթացել է աշխատանքներին եւ, մեր տեղեկություններով, դժգոհել աշխատանքի որակից ու խիստ նկատողություն արել Արմեն Բադալյանին։ Ի դեպ, Իշխանասարում հանքավայր շահագործելու ցանկություն ունեցող Բադալյանը 2022թ. սեպտեմբերյան պատերազմի օրերին Սյունիքում դադարեցրել էր ճանապարհաշինարարական աշխատանքները եւ ողջ տեխնիկան հանել մարզի տարածքից։

«Հրապարակ» թերթը գրում է.

Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ առավոտյան ձերբակալեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանին եւ ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանին։ Քաղաքապետարանի մեր աղբյուրներն ասում են, որ քաղաքապետարանի նախկին եւ ներկա պաշտոնյաներն անցնում են ինքնակամ շինությունների օրինականացման կոռուպցիոն գործով։ Մեջլումյանը դեռեւս ամիսներ առաջ է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, թե ինչու է աշխատակազմի գլխավոր քարտուղարը զբաղվել այդ հարցերով, եթե կա պատկան վարչություն եւ անգամ՝ բաժին, որի պետին՝ Տարոն Միրոյանին նույնպես երեկ բերման էին ենթարկել։ Արդեն իսկ կասկած կա, որ գործընթացը հովանավորվել է քաղաքապետի, այն է՝ Հրաչյա Սարգսյանի մակարդակով։

Ուշագրավ է, որ Մեջլումյանը մարտի 17-ին՝ Հրաչյա Սարգսյանի հրաժարականի օրը, պաշտոնից ազատման դիմում գրեց։ Ինչ վերաբերում է ինքնակամ շինությունների հարցերով զբաղվող Տարոն Միրոյանին, ապա քաղաքապետարանում համոզված են, որ Միրոյանը, ի տարբերություն մյուս երկու պաշտոնյաների, չի կալանավորվի։

«Հրապարակ» թերթը գրում է.

Չնայած մամուլում շարունակ գրվում է, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Արցախի դատախազ է նշանակվելու, սակայն մենք օրեր առաջ գրեցինք, որ դա Արցախի նախագահականում բացառում են։ Ուրեմն ինչո՞ւ է այդ լուրը շարունակում շրջանառվել։ Բանն այն է, որ երբ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին, որ ստանա նրա «դաբրոն»՝ Ներսիսյանին պետնախարարի պաշտոնում նշանակելու համար, հպանցիկ տեղեկացրել է, որ Ներսիսյանի փոխարեն էլ հնարավոր է Արթուր Դավթյանին նշանակի։ Փաշինյանն  այդ պահին կարծիք չի հայտնել, իսկ երբ Դավթյանը մեկնել է Արցախ, Փաշինյանը կապվել է Արայիկ Հարությունյանի հետ եւ կտրուկ դեմ արտահայտվել այդ նշանակմանը։

Հիմա Արայիկ Հարությունյանը Մոսկվայի արձագանքին է սպասում՝ այս հարցի հետ կապված։ Թե ինչու է Փաշինյանը դեմ Դավթյանի թեկնածությանը՝ հաշվի առնելով, որ նա հնազանդորեն ծառայել է իրեն, ըստ լավատեղյակների՝ նա կարծում է, որ մի անգամ Սերժ Սարգսյանին դավաճանածն իրեն էլ կդավաճանի։ Մեր աղբյուրները պնդում են, որ ԱՀ գլխավոր դատախազի ամենահավանական թեկնածուն ներկայիս պաշտոնակատարն է՝ Կարեն Գաբրիելյանը՝ Գուրգեն Ներսիսյանի տեղակալը։