Մոսկվան առաջնորդվում է սեփական շահերի բավարարման տրամաբանությամբ․ քաղաքագետը՝ Լավրովի հայտարարությունների մասին

Մոսկվան առաջնորդվում է սեփական շահերի բավարարման տրամաբանությամբ․ քաղաքագետը՝ Լավրովի հայտարարությունների մասին

Մոսկվայում երեկ իր հայաստանցի գործընկերոջ հետ հանդիպմանը հետևած ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ  աջակցում են Հայաստանի վարչապետի հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության երաշխիքների հարցերը պետք է լուծվեն Ղարաբաղի ներկայացուցիչների և Բաքվի միջև։ 

Սա նախադեպ էր, երբ պաշտոնական Մոսկվան դիրքորոշում է  հայտնում Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության գաղափարի վերաբերյալ։

Ստացվում է՝  ՌԴ-ն ձեռքերը լվանում է։

MediaHub-ի հետ զրույցում արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը նշեց, որ առաջին անգամը չէ, երբ Լավրովը հակասական, ոչ ընդունելի հայտարարություններ է անում։

«Նման  մանիպուլյատիվ հայտարարություններ մենք էլի ենք տեսել։ Ադրբեջան այցի և իր գործընկերոջ հետ հանդիպման ավարտից հետո ասուլիսի, ինչպես նաև ՌԴ-ում տարբեր առիթներով հրավիրված ասուլիսների ընթացքում, Լավրովը կարծես թե փորձում է խեղաթյուրել պատմաիրավաքաղաքական իրողությունները։ Բայց պետք է նշեմ, որ որքան էլ մեզ համար ընդունելի չէ կամ մեզ համար զարմանալի է, ամեն դեպքում Մոսկվան առաջնորդվում է իր սեփական շահերի բավարարման տրամաբանությամբ»,-ասաց նա։ 

Դիտարկմանը՝ փաստացի ստացվում է, որ եթե նախկինում ՌԴ-ն ասում էր՝ Արցախի կարգավիճակի հարցը թողնենք հետագային, հիմա դա այլևս չի քննարկվում ու ՌԴ առաջարկներ չեն քննարկվում, վերջինս պատասխանեց․ 

«ՌԴ-ն շահագրգռված է հակամարտության երկարաձգմամբ՝ ինչպես միշտ, հիմա առավել քան, քանի որ հակամարտության գոտում ունի ռազմաքաղաքական ներկայացվածություն խաղաղապահ զորակազմի տեսքով, և ուստի փորձելու է հնարավորինս երկարաձգել համակարտությունը, չհասնել դրա քաղաքական կարգավորմանը, որպեսզի իր այդ ներկայությամբ կարողանա քաղաքական ազդեցություն  բանեցնել երկու ոխերիմ հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի վրա և այս առումով, կարծում եմ,  30-ամյա  բանակցային գործընթացն ու ընդհանուր առմամբ՝ այս տարիների իրադարձությունները վառ ապացույց են»,-ընդգծեց արցախցի քաղաքագետը։

Բանակցային գործընթացի մասին խոսելիս Ազիզյանը նշեց, որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված որևէ բանակցություն չի ընթանում՝ ոչ Հայաստան-Ադրբեջան միջնորդված տարբերակով, ոչ էլ Ստեփանակերտի և Բաքվի միջև։

«Չնայած Բաքուն փորձում է ցույց տալ, որ երկխոսություն կա իր և Ստեփանակերտի միջև, դա փորձում է ներկայացնել որպես ինտեգրման գործընթաց, ինչը միանշանակ մեր շահերից չի բխում և չի կարող նման բան տեղի ունենալ: Պաշտոնական Ստեփանակերտն էլ մի քանի անգամ և տարբեր հարթակներում հերքել է սա»,-շեշտեց Ազիզյանը։

Լիաննա Թորոսյան