Միայն հայտարարություններով չեն սահմանափակվում, Նիկոլ Փաշինյանը վաբանկ է գնում. Մամուլը՝ սուրճով

Միայն հայտարարություններով չեն սահմանափակվում, Նիկոլ Փաշինյանը վաբանկ է գնում. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող եռակողմ հանդիպմանը ՌԴ-ն բավականին կոշտ արձագանքեց։ Հայկական կողմն էլ սուր պատասխանեց։ Այդ «պատասխանատու գործը» կարծես վստահվել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանին: 

Ժամանակին ռուսական շրջանակների կողմից ընդունելի այս գործիչն այնքան հեռուն է գնացել, որ Հ1-ի եթերում օրերս ասաց, թե Ռուսաստանը խնդիր է դրել «ծնկի բերել» մեր պետականությունը, որ ՌԴ-ն է թույլ տվել Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա, Արցախը հանձնել եւ այլն:

ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինն այդ ամենը որակեց սուտ։ Փաշինյանը փորձում է Ալեն Սիմոնյանի բերանով վերջակետ դնել մազից կախված հայ-ռուսական հարաբերություններին եւ միանգամից մի քանի նապաստակ է սպանում` Ալեն Սիմոնյանին «փչացնում» է մինչեւ վերջ, զոնդաժ է անում, թե ՌԴ-ն ինչպես կարձագանքի այս հայտարարություններին․ եթե արձագանքը շատ կոշտ լինի, «ժերտվա» կտա ԱԺ նախագահին, թե դա նրա անձնական կարծիքն էր: Եթե շատ կոշտ չլինի, վերջնականապես կթռչի Արեւմուտքի գիրկը՝ այրելով հայ-ռուսական բոլոր կամուրջները:

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ քպական պատգամավորներից մեկը նորից մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին՝ փաստացի շարունակելով Նիկոլ Փաշինյանի քարոզչական թեզերը: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ իր հերթին նշել էր. «Այսօր մենք Ռուսաստանի հետ նույն լեզվով չենք խոսում. այն խնդիրները, որոնք կան Ռուսաստանի հետ հարաբերություններում, անհնար է թաքցնել»։ Սա արդեն նորություն չէ. գրեթե ամենօրյա ռեժիմով քպականներից ոմանք փորձում են հանրությանը համոզել, որ «ամեն ինչում ռուսներն են մեղավոր»:

Ավելին, քպականների ու հենց Նիկոլ Փաշինյանի՝ վերջին օրերի ու հատկապես երեկվա հայտարարություններից տպավորություն է, որ հանրության վրա «վախ ծախելուն» զուգահեռ հիմքեր են ստեղծում այդ «վախի» հնարավոր «առարկան» հետագայում ռուսների «գրպանը գցելու» համար: Սակայն, ինչպես երևում է, Հայաստանի օրվա իշխանություններն իրենց հակառուսական քաղաքականության մեջ միայն հայտարարություններով չեն սահմանափակվում: Կան տեղեկություններ, որ գարնանից սկսվել են ռուսներին «նեղելու» գործողություններ, ընդ որում՝ տարբեր ուղղություններով։ Խոսքը թե՛ ռուսական զինված կոնտինգենտի, թե՛ այլ մասնագետների նկատմամբ կատարվող քայլերի մասին է։

Օրինակ՝ մեր աղբյուրները փոխանցում են, որ ՌԴ-ի զինված ուժերի հայաստանյան ծառայողներից մեկի բնակարանում վերջերս խուզարկություն է իրականացվել, բայց այդպես էլ ոչինչ չի հայտնաբերվել: Սակայն ուշագրավ է, որ, մեր տեղեկություններով, 102-րդ ռազմաբազայի հրամանատարությանը տեղյակ չի պահվել այդ մասին, ինչը, մեր զրուցակիցներից մեկի խոսքերով, պարտադիր պայման է։ Կան նաև տեղեկություններ, որ ինչ-որ «ժանգլ յորություններ» են արվել ռազմաբազայի զինվորականների ընտանիքների, երեխաների՝ բժշկական ծառայություններից օգտվելու ցանկերի հետ կապված։ Ու սրանք միայն մի քանի օրինակներ են: Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս և այլ դեպքերի հետ կապված Ռուսաստանում հստակ միտում են տեսնում, քանի որ նախկինում երբևէ այդ կարգի միջադեպեր չեն եղել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«2018 թվականի նոյեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ խորհրդարանական արըտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ եւ հրապարակավ խոստացավ. «Հայաստանի ռազմական բյուջեին գալիք 5 տարում ևս 2.5 մլրդ դոլար կավելանա»:

Հենց այդ հայտարարության տարում Հայաստանի ռազմական բյուջեն կազմում էր 524 մլն դոլար։ Այսինքն, ըստ Նիկոլ Փաշինյանի, 2023 թվականի ռազմական բյուջեն պետք է կազմեր 3 մլրդ դոլար։ Սակայն կազմեց ընդամենը 1 մլրդ 240 մլն դոլար։ Փաստենք, որ 2018 թվականին դոլարի փոխարժեքը շատ ավելի բարձր էր, քան 2023 թվականին․ այսինքն՝ ռազմական բյուջեն ավելացել է ավելի փոքր չափով։ Մասնավորապես, 2017 թվականին՝ 2018թ․ բյուջեն կազմելիս, դոլարի փոխարժեքը 482,7 դրամ էր, իսկ 2022 թվականին՝ 435,7 դրամ, 47 դրամով պակաս։ Իսկ 2024 թվականի ռազմական բյուջեն 2023 թվականի համեմատությամբ, ավելի է ընդամենը 7 տոկոսով։ Փաշինյանի հայտարարությունից 5 տարի անց, խոստումը չի կատարվել անգամ կիսով չափ եւ նա կրկին խաբել է»: