12 միլիոն դրամ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տնային խնամքի ծառայությունների տրամադրման համար

12 միլիոն դրամ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տնային խնամքի ծառայությունների տրամադրման համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պատվիրակման միջոցով տնային խնամքի ծառայություններ տրամադրել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց։ Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Այս նպատակով պետական բյուջեից 2022 թ․ համար հատկացվել է շուրջ 12 մլն դրամ։

Տրամադրվող ծառայություններն ուղղված են խնամքի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց խնամքի ու սպասարկման կազմակերպմանը։ Դրանք տրամադրվում են անձի բնակության վայրում՝ գնահատված սոցիալական կարիքներին համապատասխան:

Տնային խնամքը ներառում է՝

սոցիալական խորհրդատվության տրամադրում շահառուին և նրա ընտանիքին,

հոգեբույժի պարբերական հսկողություն և խորհրդատվություն,

շահառուի սոցիալական ներառմանն ու համայնքային կյանքին մասնակցությանն ուղղված միջոցառումների իրականացում,

հոգեբանական օգնություն,

բժշկական օգնության կազմակերպում, այդ թվում՝ աջակցություն դեղերի ստացման գործընթացում,

շահառուի շահերի, իրավունքների պաշտպանություն և իրավական խորհրդատվության տրամադրում,

կենցաղային սպասարկում,

շահառուի սոցիալական կարողությունների և հմտությունների զարգացում, ինքնուրույն կենցաղավարման հմտությունների ուսուցանում,

աշխատանքային թերապիա, արտթերապիա՝ շահառուի ցանկությամբ և այլն։

Վերոնշյալ ծառայությունները տրամադրվում է Երևանում՝ «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության միջոցով (հասցե՝ ք․ Երևան, Գ․ Նժդեհ 42, հեռ․՝ 010 44 47 92, 010 44 47 93)։