Ադրբեջանը հրաժարվեց կատարել ՄԱԿ-ի ԱՄԴ որոշումները․ «HRW»-ի զեկույցը Արցախի և Հայաստանի մասին

Ադրբեջանը հրաժարվեց կատարել ՄԱԿ-ի ԱՄԴ որոշումները․ «HRW»-ի զեկույցը Արցախի և Հայաստանի մասին

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու ավելի քան 100 հազար հայերի տեղահանությունը՝ 2023 թվականին Հայաստանի համար կարևոր իրադարձություններ էին:

Այս մասին իր տարեկան զեկույցում նշել է «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։

Ի թիվս այլնի՝ զեկույցում անդրադարձ է եղել է նաև Հայաստանին:

Կազմակերպությունը նշել է, որ ավելի քան 100 հազար հայեր՝ Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ հայ բնակչությունը, [2023 թվականի] սեպտեմբերին հեռացան Հայաստան՝ անկլավի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու նպատակով Ադրբեջանի [ձեռնարկած] ռազմական գործողությունից հետո:

Ըստ Human Rights Watch-ի՝ Բաքվի նախաձեռնած ռազմական գործողությանը նախորդել էր Լեռնային Ղարաբաղում սննդամթերքի, դեղորայքի, հիգիենայի պարագաների և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների՝ ամիսներ տևած սուր պակասը՝ 2022 թվականի դեկտեմբերից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի կողմից դադարեցվելու պատճառով։

 «Ադրբեջանը հրաժարվել է կատարել Արդարադատության միջազգային դատարանի [2023 թվականի] փետրվարի և հուլիս ամսվա միջանկյալ որոշումները, որոնք կոչ են անում Ադրբեջանին ապահովել «մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով»»,- նշվում է զեկույցում։

Կազմակերպությունը նաև անդրադարձել է Արցախի՝ Բաքվի կողմից ձերբակալված ղեկավարաությանը․ «2023 թվականի սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո, Բաքուն ձերբակալել է «դե ֆակտո իշխանությունների մի քանի ղեկավարների»՝ նրանց մեղադրելով այդ թվում ահաբեկչության ֆինանսավորման, անօրինական զինված կազմավորումների ստեղծման և սահմանն ապօրինի հատելու համար»։

Անդրադառնալով հայաստանյան զարգացումներին` «Human Rights Watch»-ը մատնանշել է մի շարք խնդիրներ՝ ոստիկանության, խոսքի ազատության, կանանց, սահմանափակ կարողություններ ունեցող անձանց և սեռական փոքրամասնությունների իրավունքների ոլորտներում։

«Հայաստանում իրավապահ մարմինների չարաշահումների վերաբերյալ արդյունավետ հաշվետվողականության բացակայությունը շարունակական խնդիր է»,- գրել է իրավապաշտպան կազմակերպությունը՝ հավելելով, թե իշխանությունները հաճախ նման գործերը քննում են «պաշտոնեական դիրքի չարաշահման» համատեքստում, որը նախատեսում է ավելի մեղմ պատիժ:

Ըստ զեկույցի՝ թեև Հայաստանում զրպարտությունն ապաքրեականացվել է, սակայն լրագրողներն ու լրատվամիջոցները շարունակում են թիրախավորվել՝ քաղաքական գործիչների, մասնավոր ընկերությունների կողմից, որոնք մեդիան ներքաշում են դատական քաշքշուքների մեջ՝ սպառնալով ծանր ֆինանսական տուգանքներով:

«Լրատվամիջոցների շահերի պաշտպանության խումբը հայտնել է, որ [2023 թվականի] հունվարից սեպտեմբեր ժամանակահատվածում լրատվամիջոցների դեմ 23 նոր հայց է ներկայացվել՝ զրպարտության մեղադրանքով»,- նշվում է զեկույցում: