30.000-45.000 դրամ վճարիր և վարորդական իրավունքի համար քննությունը հանձնիր հաջորդ օրը․ ի՞նչ շիլաշփոթ կառաջանա

30.000-45.000 դրամ վճարիր և վարորդական իրավունքի համար քննությունը հանձնիր հաջորդ օրը․ ի՞նչ շիլաշփոթ կառաջանա

Հայաստանում նոր օրինագիծ են նախապատրաստել․ ՀՀ–ում հավելյալ գումարի դիմաց հնարավոր կլինի վարորդական իրավունքի քննությունը վերահանձնել արդեն իսկ հաջորդ օրը։ 

«Եթե անձը թե՛ տեսական, թե՛ գործնական քննություններից ստանում է բացասական գնահատական, ապա նա միայն մեկ շաբաթ անց ունի վերահանձնման հնարավորություն։ Մենք ստացել ենք բազմաթիվ դիմումներ, որտեղ նշվում է, որ որոշակի գումարի դիմաց անձը կարող է քննությունը վերահանձնել անգամ հաջորդ օրը»,– տեղեկացրել է ՆԳ նախարարը։

Հանրային պահանջարկով պայմանավորված առաջարկվում է նաև նախատեսել վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական և (կամ) գործնական քննություններին արտահերթ մասնակցելու համար պետական տուրք՝ 30.000- 45.000 ՀՀ դրամի սահմաններում՝ պայմանավորված այն օրվա ընտրությամբ, երբ վարորդի թեկնածուն կնախընտրի հանձնել այդ քննությունը։

Նախագծով առաջարկված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի սեպտեմբերի 1-ից, եթե Ազգային ժողովն այն հաստատի։ 

MediaHub-ը քաղաքացիներից բողոքներ է ստացել, թե սա օրինական կոռուպցիայի է նման, որովհետև դժվար է պատկերացնել մի մարդու, ով մեկ օրում կկարողանա շտկել այն, ինչի համար կտրվել է քննությունից: Ասում են՝ փաստացի նրանք, ովքեր վճարունակ են, կարող են վճարել, հերթագրվել թեկուզ մեկ օր անց, իսկ այն մարդիկ, որոնք հերթագրվում են, նրանց հերթը անընդհատ հետ կընկնի, ու ամիսներ գուցե սպասեն մինչև վարելու քննությունը հանձնեն: Բոլորս գիտենք՝ այսօր գործնական քննություն հանձնելուց առաջին իսկ փորձից վարորդական իրավունք ստանալը գրեթե անհնարին է, շատերը անգամ երկրորդ փորձից են կտրվում, իսկ հերթերն աննկարագրելի երկար են։

Ի՞նչ կփոխվի օրինագիծն ընդունելուց հետո, արդյո՞ք ավելի հաճախ մարդկանց չեն կտրի գործնականի քննությունից, որպեսզի բյուջե՝ օրինական ճանապարհով, շատ ավելի մեծ գումար մտնի, քան ներկայում է. MediaHub-ն այս հարցերն ուղղեց փաստաբան, ճանապարհային երթևեկության անվտանգության փորձագետ Արտակ Խաչատուրովին։

«Այսօր օրենքն այնպիսին է, որ առաջին կտրվելու դեպքում ասում է, որ մեկ շաբաթից շուտ չես կարող մասնակցել քննության։ Երկրորդ անգամ կտրվելուց՝ մեկ ամիս հետո կարող ես վերահանձնել։ Եթե վերցնում ենք քաղաքացու, ով կտրվել է և օրենքով չի կարող մասնակցել մեկ շաբաթ շուտ, իսկ ե՞րբ։ Հաջորդ մասնակցությունը՝ լավագույն դեպքում երկու կամ երեք ամիս հետո, բնականաբար, այս հերթերը խայտառակություն են»,– ասաց Խաչատուրովը։

Մոտավորապես, նշեց նա, 67 օրվա ընթացքում  քաղաքացին քննության կարող էր մասնակցել 3 անգամ, սակայն այժմ 3 անգամ մասնակցությունը, լավագույն դեպքում, հնարավոր կլինի մեկ տարվա ընթացքում։

«Պետությունը մտածել է այս օրինագիծը, որը նորմալ կլիներ, եթե  հերթերի խնդիրը լուծված լիներ։ Եթե կտրվել ես ու մեկ շաբաթ կամ մեկ ամիս հետո ես հանձնելու, ապա դա նորմալ է, քանի որ չես ուզում սպասես և հանձնում ես շուտ։ Բայց, փաստացի, այն քաղաքացին, ով կտրվել է և պետական վճարում է կատարում, ակնկալիք ունի, որ մեկ ամիս հետո կկարողանա վերահանձնել, բայց, փաստացի, ամիսներով հերթ պետք է կանգնի»,– ասաց նա։

Ինչպես նշեց մեր զրուցակիցը՝ մի խայտառակությունից պրծան, բայց գլոբալ խայտառակությունը կա ու դա հերթերն են։ 

«Վիճակագրությանը հետևելով՝ առաջին անգամ ստանալու հնարավորությունը շատ փոքր է, 10–ից մեկը, հնարավոր է, ստանա դրական քննությունը, սակայն, մարդու համար պետք է կանխատեսելի և ադեկվատ լինի, թափանցիկ լինի։ Վճարման մասով, օրինակը կարելի է բերել անձնագրայիններինը, այժմ կարող ես վճարել և ավելի արագ ստանալ անձնագիրը, իսկ քննության մասով ասում են՝ «շտապում ես, վճարի՛ր, հանձնիր հաջորդ օրը», բայց եթե ես չեմ շտապում, հերթագրվում եմ, հերթը հասնում է երեք ամսից. ամբողջ խնդիրը սրանում է։ Թող հերթ լինի, բայց օրինական ու կանխատեսելի լինի, այլապես ստացվում է, այն հերթը, որ կա ու, երեք ամիս է, օրենքն ընդունելուց հետո կդառնա 4 կամ ավելի»,– հավելեց Խաչատուրովը։

Մարիաննա Արամյան