Կարմիր խաչն այցելել է Բաքվում պահվող, Արցախի նախկին նախագահներին ու մյուս պաշտոնյաներին

Փետրվարի վերջին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անդամները տեսակցել են ապօրինի ձերբակալված ու Բաքվում պահվող, Արցախի նախկին ղեկավարներին և պաշտոնյաներին։ Այս մասին հեյտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան, գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրանց հետ անհատական հանդիպումներ են եղել, և յուրաքանչյուրին հնարավորություն է տրվել շփվել իրենց ընտանիքների հետ։
«ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, նման այցելությունների ընթացքում գնահատում է ձերբակալվածների պահման պայմանները և վերաբերմունքը: ԿԽՄԿ-ն նաև պայմաններ է ստեղծում անհատների համար՝ վերականգնելու կամ շարունակելու կապ պահել իրենց ընտանիքների հետ: ԿԽՄԿ-ի ընթացակարգերին համապատասխան այցերի հետ կապված դիտարկումները և առաջարկությունները փոխանցվում և քննարկվում են միայն ձերբակալող կողմի հետ»,- նշել է Հուսեյնովան։