ԿԳՄՍՆ պատասխանատուները պետք է ճիշտ կանոնակարգեն իրենց աշխատանքը. Տեր Եսայի քահանա Արթենյան

Նախօրեին տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ MediaHub-ը հարցրեց՝ ինչո՞ւ է Մայր Աթոռի նամակը մնացել անպատասխան, քանի որ նախորդ օրը Մայր Աթոռում կազմակերպված մամլո ասուլիսին տեղեկացանք, որ դեռևս նոյեմբերի 24-ին նախարար Ժաննա Անդրեասյանին է հասցեագրվել Մայր Աթոռի Կրթական հանձնախմբի նամակը՝ Հայոց պատմություն առարկայի 7-րդ դասարանի նոր դասագրքի վերաբերյալ, որին ցայսօր նախարարությունը չի արձագանքել։
Ասուլիսում Ժաննա Անդրեասյանը նշեց, թե նամակը նոր են ստացել, իսկ ինչ վերաբերում է դասագրքի մասով դիրքորոշմանը, ապա այն չի փոխել:
MediaHub-ը զրուցեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ:
-Երեկ կազմակերպված մամլո ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարը հայտարարեց, որ իրենք այդ նամակը ստացել են երեկ, մինչդեռ Դուք հայտարարել էիք, որ նամակը ուղարկվել է դեռ նոյեմբերի վերջին:
-Ուրախ ենք, որ նախարարությունում երկար ճամփորդությունից հետո Մայր Աթոռի նամակն ի վերջո տեղ է հասել։ Մայր Աթոռում հստակ փաստարկված է, որ Մայր Աթոռի Կրթական հանձնախմբի նամակը նոյեմբերի 24-ին՝ ժամը 16։51-ին, ուղարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության էլ․ փոստի [email protected] և [email protected] հասցեներին: Նույն օրը Կրթական հանձնախմբի անդամ, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծ․ վրդ․ Բաղումյանը, հնարավորություն չունենալով նամակը անձամբ հանձնելու, այն գցել է նախարարությունում նախատեսված նամակների և փաստաթղթերի հանձնման համապատասխան արկղի մեջ, ինչը ևս անհրաժեշտության դեպքում դժվար չէ փաստելը: Այսպիսով՝ ակնհայտ է, որ նամակը մեկ ամիս է, որ հանձնվել է նախարարությանը և անպատասխան է թողնվել։ ԿԳՄՍՆ պատասխանատուները հետևություններ պետք է կատարեն և ճիշտ կանոնակարգեն իրենց աշխատանքը։
-Նախարարը նույն ասուլիսում նաև անդրադարձավ Հայոց պատմություն առարկայի 7-րդ դասարանի դասագրքի շուրջ հնչող առարկություններին՝ ներկայացնելով նախարարության դիրքորոշումը։ Այսինքն այն, որ դիրքորոշումը չի փոխվելու:
-Անընկալելի է մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանն ի նպաստ շահեկան և չխեղաթյուրված բովանդակությամբ դասագրքեր ունենալու հարցում դրսևորվող դժկամությունը: Ցավում ենք բարձրաձայնած մտահոգությունների և առաջարկների առնչությամբ պետական կրթական գերատեսչության ղեկավարի կողմից արտահայտված մոտեցումների և դատողությունների համար։ Վստահ ենք՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներից հետո անհրաժեշտ հավելյալ պարզաբանումներ կկատարվեն այս խնդրի կապակցությամբ: Նոր դասագրքերի և ընդհանրապես կրթական բարեփոխումների թեման պիտի մշտապես մնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրակարգում: Այս հարցում որևէ մեկը, առավել ևս ազգային կառույցներ կամ գիտակրթական հաստատություները անտարբեր չպետք է մնան:
Հիշեցնենք, որ «Հայոց պատմություն» առարկայի 7–րդ դասարանի դասագրքի տիտղոսաթերթում նշվում է, թե իբր դասագիրքը պատրաստվել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հետ գործակցությամբ, որը, սակայն, եկեղեցին հերքում է։
Մարիա Զարգարյան