Արհեստական եղունգները վտանգավոր են առողջության համար. ինչու՞

Արհեստական եղունգների բոլոր տեսակներն ունեն իրենց թերությունները, որոնցից գլխավորը բացասական ազդեցությունն է առողջության վրա: Արհեստական եղունգների հասցրած վնասը կարող է լինել ինչպես ոչ այնքան վտանգավոր՝ բնական եղունգի կորուստ, այնպես էլ բավականին լուրջ՝ ուռուցքային հիվանդություն: Ստորև ներկայացված են արհեստական եղունգների մի քանի այլ վտանգներ:
Ալերգիա: Գելի կամ ակրիլի ազդեցության տակ եղունգի շուրջը կարող է կարմրել, եղունգի փոսիկը կարող է բորբոքվել և դառնալ ավելի բարակ, ինչը պայմանավորված է օրգանիզմի ալերգիկ ռեակցիայով տվյալ նյութի հանդեպ: Ուժեղ ալերգենների ու թունավոր նյութերի շարքին են պատկանում մետիլմետակրիլատն ու դիբուտիլֆտալատը, որոնցից առաջինը պարունակվում է եղունգների համար նախատեսված կպչուն նյութի մեջ, իսկ երկրորդը՝ եղունգները ներկող նյութերի մեջ: Դրանք կարող են վնասել ոչ միայն եղունգները՝ քայքայելով դրանց կառուցվածքը, այլ նաև առաջացնել ալերգիա, թունավորել թոքերը: Դրանց օգտագործումն արգելված է մի շարք երկրներում:
Բնական եղունգների քայքայում: Արհեստական եղուգները սնվում են բնական եղունգների յուղերով՝ այսպիսով զգալիորեն թուլացնելով դրանց կառուցվածքը: Արհեստական ու բնական եղունգների երկարատև շփումից կարող են բնական եղունգները վնասվել:
Թունավորում: Եղունգները երկարացնող միջոցների մեջ պարունակվում են վտանգավոր քիմիական միացություններ: Մեծ չափաբաժինների դեպքում դրանք առաջացնում են թունավորում, ինչպես, օրինակ, ալկոհոլի չարաշահումից առաջացած թունավորման դեպքում: Սա շատ վատ ազդեցություն ունի արյան որակի, լյարդի, սրտի ու ընդհանուր օրգանիզմի աշխատանքի վրա: Գրանցվել են նաև այնպիսի դեպքեր, երբ նմանատիպ թունավորումները բերել են նյարդային խանգարման, ասթմայի զարգացման և նույնիսկ թոքերի քաղցկեղի:
Էկզեմա: Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ ակրիլային եղունգները կարող են դառնալ կոնտակտային դերմատիտի առաջացման պատճառ, որը բնութագրվում է քորով, կարմիր ցանով, մաշկի գրգռվածությամբ և բշտիկներով: Սովորաբար այն հայտնվում է մատների ծայրերին, այնուհետև տարածվում մարմնի այլ մասերում:
Սնկային վարակներ: Ակրիլային եղունգները հանելուց հետո երբեմն բնական եղունգները կարող են դեղնել, ստանալ դարչնագույն կամ կանաչ երանգ: Սա կապված է սնկի հետ, որը սնվում է կերատինով: Ակրիլի, գելի կամ եղունգների սոսնձի ազդեցության տակ եղունգները թուլանում են ու կորցնում վարակների դեմ պայքարելու հատկությունը: Սնկային վարակի բուժման համար հարկավոր է 4-ից 18 ամիս:
Մանրէային վարակներ: Եթե վնասվի արհեստական եղունգը, ապա կառաջանա փոքրիկ ճեղք բնական ու արհեստական եղունգների միջև: Այդպիսի տաք և խոնավ վայրը բակտերիաների բազմացման իսկական բույն է: Դրանց առաջացման հետևանքով եղունգները հաստանում են, շերտավորվում և փոխում իրենց բնական երանգը: