«Հանճարների» պատանդ Հայաստանս

Հայաստանից Ռուսաստան գյուղմթերք ու այլ ապրանքներ արտահանող և ներկրող բեռնատարներն արդեն մեկ շաբաթ է՝ Լարսի անցակետի հերթերում են:
Ռուսական «Ռոսսելխոզնադզորը» տեխնիկական պատճառ է նշում՝ պնդելով, թե «այս տարի հայկական ծաղկաբույսերի և պտուղ-բանջարեղենի մեջ վնասակար օրգանիզմներ են հայտնաբերվել 72 դեպքով: Միայն նոյեմբերի 24-26-ը արձանագրվել է նման 36 դեպք»։
Իհարկե, բոլորս ենք հասկանում, որ Լարսում ստեղծված վիճակը հայ- ռուսական լարված հարաբերությունների հետևանք է ու ճգնաժամը պետական մակարդակով կարգավորման անհրաժեշտություն ունի:
Իսկ ի՞նչ ելք է առաջարկում իշխանությունը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «որևէ Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին»:
«Հիմա չափազանց կարևոր է, որ հայերը Հայաստանում և սփյուռքում գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ, գյուղատնտեսական ապրանքներ, խմիչք, Հայաստանի ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններ: Բիզնեսին ու հարկ վճարողին նման կերպ աջակցելն անկախությունն ու սուվերենությունն ամրապնդելու համար կենսական նշանակության վարքագիծ է», - նշել է Հարությունյանը:
Նման պարզունակ մոտեցումը հուշում է իշխանության պրիմիտիվության մասին:
Ապրանքի որակի կամ լոգիստիկ հարցերը ազգային էմոցիոնալ շեշտադրումներով չեն լուծվում:
Հայաստանի տնտեսությունը, նրա ենթակառուցվածքները մեծ կախվածություն ունեն Ռուսաստանից, հետևաբար իշխանությունը պարտավոր է այս խնդիրը լուծել պսևդոինքնիշխանական տեքստերի փոխարեն:
Միևնույն ժամանակ, տնտեսական հարցերը հայրենասիրական տեքստերով չեն լուծվում:
Տնտեսության դիվերսիֆիկացիայի համար անհրաժեշտ են տնտեսության կառուցվածքի փոփոխություն, ապրանքի նոր չափանիշներ: Միայն այս պարագայում Լարսը Հայաստանի համար չի մնա «փրկության» միակ ճանապարհ:
Բայց այս ճշմարտությունները հազիվ թե հասու լինեն այս իշխանությունների համար:
Վահրամ Բագրատյան