ՔՊ-ի օրոք Ալիևի՝ Շուշիում հայտնվելու երազանքն իրականություն է դարձել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ՝ քննարկվել է ղարաբաղյան հակամարտությանը հարցը:
Ցանկացած մամուլի հաղորդագրություն, որտեղ հանդիպում է Փաշինյան ազգանունն ու ղարաբաղյան հարց եզրույթը նմանվում է զավեշտի: Արցախի 75 տոկոսը թշնամուն հանձնած քաղաքական թիմի ղեկավարն ի՞նչ պետք է քննարկի միջազգային պատվիրակությունների հետ:
Շուշին գործող իշխանությունների համար դժգույն, դժբախտ քաղաք էր, իսկ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցումը՝ քննարկման առարկա: Փաշինյանի օրոք Շուշիում ծածանվում է ադրբեջանական դրոշը, իսկ Գորիս-Կապան ճանապարհին՝ ադրբեջանական զորք է կուտակված: Սա է այն ապագան, որի հետ ՀՀ քաղաքացիները բախվելու են այնքան ժամանակ, քանի դեռ «խաղաղության աղավնիները» Երևանում իշխանության են:
30 տարի շարունակ «նախկինները» ամրապնդում էին Արցախը՝ Ալիևի համար Շուշին անգամ հեռվից տեսնելն էր երազանք: ՔՊ-ականների օրոք Ալիևի երազանքն իրականություն է դարձել: Այսօր Բաքվից տարածքային նկրտումներ են ներկայացնում արդեն Սյունիքի և Երևանի նկատմամբ:
Փաշինյանն ու թիմը 2018թ.-ից մինչև այսօր ապացուցել են, որ ի վիճակի չեն համարժեք, ադեկվատ կերպով հակադարձելու թուրք-ադրբեջանական տանդեմին, պաշտպանել հայոց սահմաներն ու Արցախը: Իշխանափոխությունը ՀՀ-ում պետականության փրկության անհրաժեշտություն է։
Ղարաբաղյան հարցը ՔՊ-ի համար դարձել է «բեռ», որից նրանք ցանկանում են օր առաջ ձերբազատվել՝ այդ հարցը «գցելով» կամ ՌԴ-ի «գրպանը» կամ Մինսկի խմբի:
Արցախը հայոց պետականության հիմնասյունն է, Երևանի անվտանգությունը սկսվում է Ստեփանակերտից՝ ահա այս ճշմարտությունը պետք է առաջնորդի հայ ժողովրդին։
Վահրամ Բագրատյան