Օրակարգում նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը չկա․ պատգամավոր

Օրակարգում նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը չկա․ պատգամավոր

Առաջին անգամը չէ, որ Սահմանադրական բարեփոխումների նախագիծ է ներկայացվում, մինչ սա ևս մեկ նախագիծ կար, բայց հետ է կանչվել: Նախկին նախագիծը բավականին ծավալուն էր, սակայն այս նոր փոփոխություններն իրենցից ենթադրում են միայն նախագահի պաշտոնը որևէ պարագայում թափուր մնալու պարագայում՝ ԱԺ կողմից նախագահի ընտրության կարգը։

Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը։ 

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ղեկավարվելով ԱՀ Սահմանադրության 162-րդ հոդվածի 2-րդ մասով, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության և դրա առանձնահատկությունների վերաբերյալ: 

«Մենք պետք է հասկանանք մեր Սահմանադրության առանձնահատկությունները, քանի որ պատերազմից հետո է այս հարցն առաջ եկել»,-ասաց մեր զրուցակիցը և հիշեցրեց, որ 2017 թվականին ընտրված Սահմանադրության համաձայն՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունները նույն օրն են տեղի ունենում և նախագահի հրաժարականի կամ հեռացման դեպքում ցրվում է նաև ԱԺ-ն և երկուսի դեպքում էլ նոր ընտրություններ պետք է իրականացվեն։

Հարությունյանի խոսքով՝ պատերազմից հետո ավելի հավանական է, որ կարող են տեխնիկական խնդիրներ առաջանան և ընտրություն կազմակերպելն անհնար լինի։

«Սա է պատճառը, որ այս հարցն օրակարգում է, ուրիշ ոչինչ, պարզապես այս փոփոխությունը «անվտանգության բարձիկ է»։ ԱԺ-ում այս հարցը դեռ չի քննարկվել, միայն ներկայացվել է»,- տեղեկացրեց նա։

Ընդգծենք, որ Սահմանադրական փոփոխությունների հարցն առաջ բերելը թե՛ հասարակության, թե՛ մամուլում և թե՛ քաղաքական դաշտում իրարանցում ստեղծեց և տպավորություն էր, թե Արցախի նախագահը պատրաստվում է հրաժարական տալ։ Դիտարկմանը, որ այս սցենարն իրագործելուց հետո շարունակական տարբերակը ևս քննարկվեց, թե ԱՀ Կառավարության ղեկին է գալու Սամվել Բաբայանը, Հարությունյանն արձագանքեց․

«Այսօր օրակարգում նախագահի հրաժարականի հարց, քննարկում չկա։ Իսկ կոալիցիա կազմելու, Սամվել Բաբայանին ընտրելու վերաբերյալ հարցին հենց ինքն արդեն պատասխանել է»,-նշեց իշխանության ներկայացուցիչը։

Խոսելով Արցախում ներքաղաքական ինտրիգների մասին՝ վերջինս ընդգծեց, որ Արցախում ներքաղաքական կյանքը խաղաղ է, իսկ նման տպավորությունները մամուլում են ստեղծվում և իրականության հետ կապ չունեն։

Լիաննա Թորոսյան