Էլ որքան զոհ է պահանջվում, որ իշխանությունները կշտանան ու լուծում տան «Նորագավիթի գայի պոստ»-ի մահվան խաչմերուկին

Էլ որքան զոհ է պահանջվում, որ իշխանությունները կշտանան ու լուծում տան «Նորագավիթի գայի պոստ»-ի մահվան խաչմերուկին

Հայաստանում հասարակությունն ու քաղաքական դաշտը շատ հաճախ ապրում են տարբեր իրականություններում, ինչն էլ իր հերթին առաջացնում է չհասկացվածության մթնոլորտ։ Հայաստանյան քաղաքական գործիչների ու միավորների մոտ կա սխալ պատկերացում, որ ամբողջ հասարակությունն ապրում է այն խնդիրներով, որոնք հուզում են իրենց՝ այդ նույն գործիչներին։ Բայց իրականությունն այն է, որ հասարակությանը մեծամասամբ հետաքրքրում են այն հարցերը, որոնք վերաբերում են անմիջապես իրենց, որոնք զգում են իրենց մաշկի վրա։ Սակայն հենց այդ խնդիրներն էլ հիմնականում դուրս են մնում շատերի տեսադաշտից ու միայն թեթև անդրադարձ է լինում նախընտրական ծրագրերի տեսքով։

Արդյունքում հասարակությունն ապրում է այլ կյանքով, քաղաքական դաշտը՝ այլ։

Օրինակ այսօր Հայաստանում տեղի ունեցավ երկու իրադարձություն։ Առաջինը՝ մեկնարկեց «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովի բացման արարողությունը։

Երկրորդը՝ ժողովրդին հայտնի «Նորագավիթի գայի պոստ»-ի մոտ մահվան ելքով հերթական վրաերթը տեղի ունեցավ։ Բնականաբար քաղաքական բազմաթիվ գործիչների համար այդ վրաերթը ընդամենը վիճակագրություն է, որին նույնիսկ անդրադառնալ էլ չարժե. մարդ էր, ընկավ մեքենայի տակ ու մահացավ։ Բայց ա’յ առաջինն իրոք խոշոր իրադարձություն է ու բոլորն իրենց պարտքն են համարելու անպայման մեկնաբանել, խոսել ու քննարկել։ Բայց ո՞ւմ համար, եթե հանրության, ապա դուրս եկեք փողոց ու քաղաքացիների շրջանում հարցում արեք, թե քանի՞ հոգու է հետաքրքրում այդ երկխոսությունը։ Կպարզվի, որ մեծ մասը տեղյակ չեն, մի մասն էլ տեղյակ է այնքանով, որ այդ միջոցառումը հավելյալ խցանումների ու անհանգստության պատճառ է դարձել…ու վերջ։ 

Հիմա հարց է առաջանում, ի՞նչ արդյունքի են ձգտում հասնել քաղաքական գործիչները, եթե նրանց բարձրաձայնած հարցերի մեծ մասին հանրությունն անհաղորդ է, վաղը ումի՞ց են ձայներ ակնկալելու։

Հետևաբար, ընտրություններին կհաջողի միայն այն քաղաքական միավորը, որը կկարողանա ամբողջ ժամանակահատվածում մեկտեղել խնդիրները՝ թե’ քաղաքական, թե’ սոցիալ-հասարակական։

Պատահաբար չնշեցի այսօրվա վրաերթի մասին, քանի որ այն պետք է լինի բոլոր քաղաքական միավորների ուշադրության կենտրոնում, որպեսզի վերջապես, թեկուզ ճնշման արդյունքում, այն ստանա լուծում, քանի որ այդ հատվածը դարձել է մահվան խաչմերուկ։

Հյուսիս-հարավ մայրուղու նշված հատվածն իսկական պատուհաս է և’ վարորդների, և’ հետիոտների համար։ Հետիոտները ընդամենը մի մայթից մյուսն անցնելու համար պետք է ապավինեն Աստծուն, որովհետև միայն աղոթքը կարող է ապահովել մարդու անարգել անցումը նշված հատվածում։ Չկա ոչ մի հետիոտնային գծանշում կամ հետիոտնի անցման համար նախատեսված հատված, չկա նույնիսկ մի մետր, որը կհամարվի փոքրիշատե անվտանգ գոտի։ Մարդը փողոցն անցնում է արագընթաց մայրուղու անմիջապես խաչմերուկում, որը միշտ բանուկ է, օրվա գրեթե բոլոր ժամերին։ Միակ վերգետնյա անցումը տվյալ խաչմերուկից գրեթե կես կիլոմետր հեռավորության վրա է, Նորագավիթի գերեզմանների մոտ։ Այսինքն, եթե մարդն ուզում է «Նորագավիթի գայի պոստ»-ի մոտ մի մայթից անցնել մյուսը ու ողջ մնալ, պետք է կես կիլոմետր քայլի դեպի գերեզմաններ, այնուհետև կես կիլոմետր քայլելով ետ գա, ինչը ողջամիտ չէ։

Գլխացավանք է նաև վարորդների համար։ Այդ խաչմերուկն անցնելը մեծ փորձություն է ու չկա գեթ մի շաբաթ, որ վթարներ տեղի չունենան, հաճախ ծանր հետևանքներով։ Ու որևէ մեկին այս հարցը չի հետաքրքրում, որևէ մեկը այս հարցին չի փորձում լուծում տալ, այնինչ կարելի էր ընդամենը մեկ լուսացույց դնել, մինչ ավելի հիմնավոր տարբերակ գտնելը։ 
Եթե չենք ցանկանում, որ նշված հատվածում վթարներն ու մահերն ունենան չընդհատվող բնույթ, ապա առանց հոգնելու պետք է այս խնդրի մասին անդադար բարձրաձայնվի, որովհետև մարդկանց կյանքի ու անվտագնության մասին պայքարը միայն դեկլարատիվ ու սեփական անձի «խելացիությունը» ապացուցող ելույթներով չէ պայմանավորված, այլ հստակ քայլերով։ 

Կարեն Կարապետյան