Փաշինյանին սկսել է անհանգստացնել Գրիգորյանի խաղն Արևմուտքի հետ, Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. Մամուլը՝ սուրճով

Փաշինյանին սկսել է անհանգստացնել Գրիգորյանի խաղն Արևմուտքի հետ, Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ ՔՊ-ականների հարաբերությունները թեւակոխել են լարված անվստահության տիրույթ` ՔՊ-ում այլեւս չկա նախկին ջերմ վերաբերմունքն իրենց արեւմտամետ թիմակցի նկատմամբ, քանի որ Գրիգորյանն ինչ-որ պահից տարանջատվել է թիմից եւ առաջին պլան եկել:

Բոլորը նկատել են, որ արցախյան ծագումն ուրացած Արմեն Գրիգորյանին Արեւմուտքն առանձնացնում է ՔՊ-ականներից եւ անգամ Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդ է դիտում: Եվ եթե Փաշինյանը չկատարի արեւմտյան պահանջները` հրաժարվի պայմանագիր ստորագրելուց եւ Ռուսաստանի դեմ հստակ քաղաքականություն չվարի, ապա չի բացառվում, որ նրան փոխարինեն Գրիգորյանով, ով անմռունչ եւ մեծ հաճույքով նրանց ծրագրերը կյանքի կկոչի։

ՔՊ ներթիմային քննարկումներում ասում են, որ եթե սկզբում Փաշինյանը լուրջ չէր վերաբերվում այս սցենարին, ապա այժմ նրան սկսել է անհանգստացնել Արմեն Գրիգորյանի ինքնուրույն խաղն Արեւմուտքի հետ։

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռևս 2019 թվականին Նիկոլ Փաշինյանն ասում էր. «Ճիշտ չեմ համարում, որ սահմանադրությունները երկրում հաճախակի փոխվեն»: Դրանից հետո, նաև դրանից առաջ նա ժամանակ առ ժամանակ խոսում էր միայն սահմանադրական փոփոխությունների մասին, ընդ որում, շեշտելով, որ կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտություն չկա: Եվ ահա, վերջերս նա խոսեց նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին: Շատերը կարծում են, որ դրանով նա կատարում է Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջը, մասնավորաբար կապված նրա հետ, որ կհանվի հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի, Հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգի մասին: Հավանական է համարվում, որ Սահմանադրությունից հանվի Հայ առաքելական եկեղեցու հատուկ կարգավիճակի մասին դրույթը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենի հետ միասին, Փաշինյանը փորձելու է սահմանադրական հանրաքվե անցկացնելով՝ խուսափել արտահերթ ընտրություններից: Բանն այն է, որ, մեր դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, Արևմուտքը ցանկանում է, որ Ալիևի նման Փաշինյանն էլ գնա ընտրությունների և ստանա լիարժեք լեգիտիմություն՝ «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար: Ավելին, ցանկալի է համարվել արտահերթ ընտրություններն անցկացնել մայիսին, իսկ ֆորս մաժորի դեպքում՝ սեպտեմբերին: Սակայն Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ անհնար է նույնիսկ վարչական լծակներով ստանալ մեծամասնություն, ուստի ցանկանում է անցկացնել հանրաքվե՝ որպես վստահության յուրատեսակ քննություն: Հաշվի առնելով վերջին ընտրությունների փորձը՝ ընտրողների մասնակցության ցածր տոկոսի հետ կապված, ինչպես նաև լուրջ կասկածներ ունենալով հանրաքվեի արդյունքների առումով, մեր տեղեկություններով, Փաշինյանն իր թիմի «իրավաբանական համայնքին» հանձնարարել է գտնել «լազեյկաներ»՝ մինչ հանրաքվեն Սահմանադրության մեջ ԱԺ-ի միջոցով փոփոխություն անելու համար:

Մասնավորաբար, ցանկանում են փոխել 207-րդ հոդվածը, այսինքն, այն դրույթը, որ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը: Սակայն թե՛ այս ցանկությունը, թե՛ հանձարարությունը լուրջ մտահոգություն են առաջացրել իրավաբանների շրջանում. հարցն այն է, որ գործող Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին կետով այդ փոփոխությունը հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով:

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վերջին օրերին տեղեկություններ են տարածվում, որ իշխանությունը հրահանգել է ՏԻՄ ղեկավարներին՝ քանդել բոլոր միջպետական եւ համայնքային ճանապարհներին տեղադրված խաչերը, խաչքարերն ու հուշակոթողները։ Դեռեւս անցած մայիսին մենք գրել էինք, որ կառավարության պատկան գերատեսչությունից համայնքապետարաններ, մասնավորապես՝ Սյունիքի, գրություն են ուղարկել. «ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին ինքնակամ կառուցված (տեղադրված) հուշաքարերի, խաչերի եւ խաչքարերի քանդման (ապամոնտաժման) աշխատանքների կատարման համար խնդրում եմ՝ յուրաքանչյուրն իր մասով համագործակցի մարզային տեսչական ստորաբաժանումների հետ»։

Ըստ ամենայնի՝ համապետական եւ միջպետական ճանապարհները քրիստոնեական խորհրդանիշներից «մաքրելու» որոշումը հիմա ավարտին են հասցնում: Սրանով մի կողմից սահմանն են բացում` ազատում, մյուս կողմից թուրքերի եւ ադրբեջանցիների հետ քիրվայությանն ուղղված հերթական քայլն են անում, որ սահմանը հատող թշնամին իր համար անցանկալի եւ տհաճ ասոցիացիաներ առաջացնող հայկական քրիստոնեական խորհրդանիշների չհանդիպի»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Բարձրագույն խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը եւս կլքի ԲԴԽ-ն, սակայն ԲԴԽ-ում հայտնվել են փակուղու առաջ ու փորձում են հասկանալ՝ Վիգեն Քոչարյանը ինչ մասնագետ է, նրան ուղարկեն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական, վարչական, թե քրեական պալատ։ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ԲԴԽ-ում Վիգեն Քոչարյանին հարց ուղղեց, թե ինչու է նա եւս լքում ԲԴԽ-ն ու ցանկանում է դատավոր դառնալ. վերջինս պատասխանեց, թե պարզ չէ։

Նշենք, որ ԲԴԽ անդամներից մեկը եւս ցանկանում է լքել ԲԴԽ-ն։

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար Ազգային ժողովին է առաջարկվել ԲԴԽ-ի 2024 թվականի հունվարի 22-ի որոշումը։

Առաջարկվել են Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանի, Երեւան քաղաքի դատավոր Արման Օհանյանի եւ ՀՀ քաղաքացի Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները։

Ուշագրավն այն է, որ այս թեկնածուներից մեկը Արթուր Աթաբեկյանն է։

Իսկ ո՞վ է նա։

Արթուր Աթաբեկյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի եւ Տավուշի ներկայիս մարզպետ Հայկ Ղալումյանի հորաքրոջ որդին է։ Տավուշի մարզպետի դատավոր ազգականը ցանկանում է լքել ԲԴԽ-ն։ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի քավորն է։ Նրա եղբայր Վահե Ղալումյանն էլ Ազգային ժողովում ՔՊ խմբակցության պատգամավոր է»։

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն այս օրերին շրջայցեր են կատարում կամ, ինչպես տնտեսվարողներն են ասում, «ռեյդի» են դուրս եկել և ստուգում են, թե ինչպես են տնտեսվարողները կատարում Երևանի ավագանու սահմանած կարգը՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Խոսքը վերաբերում է նրան, որ տնտեսվարողները պարտավոր են ամեն օր մաքրել տեղացած ձյունը, տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և սալիկապատ հատվածները:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, միայն վերջին երկու օրվա ընթացքում մոտ 300 տնտեսվարող տուգանվել է: Ավելին, «Փաստի» տեղեկություններով, նրանք, ովքեր այսուհետ ևս չեն հետևի նշյալ կարգին, ոչ միայն կտուգանվեն, այլև կներառվեն քաղաքապետարանի հետ հետագա հարաբերությունների առումով, այսպես կոչված, «սև ցուցակում»: