«Ինձ էս դոմիկում կվառեմ, եթե գան հանելու»․ աղետի գոտու բնակիչներին ստիպում են ազատել տարածքը

2022 թվականի դեկտեմբերին ՀՀ Կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի՝ աղետի գոտին պետք է ազատվի տնակներից, և համայնքապատկան հողերը պետք է վերադարձվեն համայնքին։
Գյումրու տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքներ համայնքային իշխանություններից գրություններ են ստացել, որոնցով պահանջվում է մեկ ամսվա ընթացքում տնակները քանդել, տարածքները ազատել և հանձնել համայնքային իշխանություններին։
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի դիտարկմամբ՝ այս որոշումն արդարացված չէ․ հարյուրավոր մարդիկ դրսում կհայտնվեն, նրանց այլընտրանք չի էլ առաջարկվում։
«Ըստ որոշման, այն ընտանիքները, որոնք տուժել են աղետից, որոշ ժամանակ տնակներում են ապրել, ապա՝ փոխհատուցում ստացել, բայց ինչ-ինչ պատճառներով շարունակում են ապրել դոմիկներում, պետք է լքեն տարածքը։ Բայց այդտեղ ապրում են նաև մարդիկ, որ աղետից չեն տուժել, այլ ինչ-որ ժամանակ եկել են այդ տնակային ավան, սկսել ապրել այդտեղ։ Նրանք հիմա ստիպված են դառնալ անօթևան, սոված-ծարավ, բաց երկնքի տակ պիտի ապրե՞ն»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Վահան Թումասյանը։
Նրա խոսքով՝ որոշումն արդարացված կլիներ, եթե հստակ փաստեր լինեին, որ այդ տնակային ավանում ապրող մարդիկ ունեն իրենց բնակարանները, ու, օրինակ, վարձով տալիս են ուրիշներին, կամ հնարավորություն ունեն տուն գնելու։
«Բայց ընդհանուր, բոլորի համար նման որոշում ընդունելն ինչքանո՞վ է խելքին մոտ։ Նոր մի կին է զանգել, չորս անչափահաս ունի, լացում է, հարցնում, թե ինչ պիտի անի, երեխաների հետ անտուն է մնալու»,- ներկայացրեց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահը։
Վահան Թումասյանը պատմեց, որ մեկ այլ մարդ էլ, որ հաշմանդամություն ունի, չի կարողանում քայլել ու ապրում է մոտ երեք մետրանոց տնակում, իրեն ասել է, որ հենց գան ու փորձեն տնից հեռացնել՝ ինքն իրեն վառելու է այդ տան մեջ։
«Այդ մարդն էլ ասաց՝ ինձ էս դոմիկի մեջ կվառեմ, եթե գան հանելու։ Թող թողեն հոգիս հանգիստ տամ։ Հիմա ի՞նչ պատասխանեմ»,- նշեց Թումասյանը։
Բացի այդ, նա նշեց, որ անհասկանալի վիճակ է ստեղծվել․ տարիներ առաջ, երբ իրենց ՀԿ-ն բնակարան էր գնել մի բազմազավակ ընտանիքի համար ու դրանից հետո քանդել այդ մարդկանց տնակը, հայտնվել էր ինչ-որ մարդ, որ ՌԴ քաղաքացի է, ու հայտարարել էր, թե այդ տնակն իրենն է։
«Քրեական գործ հարուցվեց, չորս գործ կա մինչ էս պահը իմ և ՀԿ-ի վրա։ Բայց, ասենք, ես մարդուն երեք սենյականոց բնակարան եմ տվել, տնակ քանդել, տարածքը մաքրել համայնքային հողն էլ վերադարձրել համայնքին։ Հիմա իրենք են նույնն անում, տնակները քանդելու են, բայց դե իրենց վրա քրեական գործ չի հարուցվելու»,- ամփոփեց խոսքը Վահան Թումասյանը։
Նարե Գնունի