Ադրբեջանը կրակում է՝ անտեսելով ՔՊ-ի պարզած «սպիտակ դրոշը»

Ադրբեջանական կողմն է խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել սահմանի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Փաշինյանի հռչակած «խաղաղության դարաշրջանում» ադրբեջանական զինուժն ամեն շաբաթ կրակում է հայկական դիրքերի, զինվորների ուղղությամբ: Ինչ խաղաղության մասին է խոսքը, երբ Բաքվի համար պատերազմը չի ավարտվել: Եթե ՔՊ-ականները «սպիտակ դրոշ» են պարզել, դա դեռ չի նշանակում, որ թուրքերն ու ադրբեջանցիները պատրաստ են ընդունել ՀՀ գործող իշխանությունների նոր կապիտուլյացիան:
Բաքվի և Անկարայի նպատակը Հայաստանի և Արցախի ոչնչացումն է, հայոց պետականության և հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումը: Թե ինչ նպատակներ են հետապնդում ՔՊ-ականները բացի պարգևավճարներ ստանալն ու Փաշինյանի գովքն անելը, բարդ է ասել: Բարդ է գնահատել մի քաղաքական ուժի, որը «նախկինների» մասին հեքիաթները շահարկելուց և Բաքվի հետ «խաղաղության» մասին երազելուց բացի այլ բանով աչքի չի ընկնում:
Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի՝ գիտակցում է դա Փաշինյանն ու թիմը, թե ոչ՝ դա արդեն կարևոր չէ: Բաքուն շարժվում է իր հստակ օրակարգով՝ դատարկված Արցախ և օկուպացված Սյունիք՝ սա է նրանց երկարաժամկետ ռազմավարությունը, որի կյանքի կոչումը խաթարվում է միայն ռուսական ռազմական ներկայության շնորհիվ:
ՔՊ-ականները վաղուց արցախյան հարցը «հանձնել» են Մոսկվային, իսկ իրենք զբաղված են իշխանության բարիքները վայելելով՝ կատարելով գերտերությունների տարբեր պատվերները:
ՀՀ քաղաքացիները պետք է ՔՊ-ականների հեռացումն ընկալեն որպես ինքնապաշտպանական բնազդ՝ ՔՊ-ականների իշխանության ամրապնդումը միայն մոտեցնելու է հաջորդ պատերազմը՝ իր աղետալի հետևանքներով արդեն Սյունիքի համար:
Վահրամ Բագրատյան