Հնարավո՞ր է Հայաստանը կրկին գնա COVID-19-ով պայմանավորված սահմանափակումների

Վերջին շրջանում ավելացել են կորոնավիրուսային հիվանդության դեպքերը։ Նախորդ մեկ շաբաթում, օրինակ, կորոնավիրուսի 1913 նոր դեպք է գրանցվել։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է հիվանդության հետևանքով արձանագրված մահվան 5 դեպք։
Արդյոք այս թվերը կստիպե՞ն ՀՀ առողջապահության նախարարությանը նոր սահմանափակումների գնալ։ MediaHub.am-ի հարցին ի պատասխան` ԱՆ մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ այս պահին նման հարց չի քննարկվում։ Նրա խոսքով՝ այժմ վիճակը հանգիստ է, նախորդ շաբաթ դեպքերի թիվն ավելի մեծ էր, իսկ հիմա կայունանում է վիճակը։
«COVID-ը իրավիճակային լուծում է պահանջում, մենք պատրաստ ենք համավարակի նոր ալիքների։ Իսկ սահմանափակումներ կարող են լինել այն դեպքերում, երբ հասկանանք, որ մեր հիվանդանոցային ֆոնդը չի կարող բավարարել բոլոր վարակվածներին սպասարկելուն։ Իսկ այժմ նման խնդիր չկա»,- ասաց նա։
Հարցին, թե արդյոք ԿԳՄՍ նախարարության հետ քննարկվե՞լ է դասապրոցեսը հեռավար անցկացնելու հավանականության հարցը, Հռիփսիմ Խաչատրյանը պատասխանեց՝ նշելով, որ այժմ նման հարց քննարկելն անիմաստ է, քանի որ COVID-ի թվերը շատ մեծ չեն։
Նշենք, որ Հայաստանում, ընդհանուր առմամբ, համավարակի ժամանակահատվածում կատարվել է 3 մլն 178 հազար 333 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 432 հազար 274 դեպք: Առողջացածների թիվը կազմում է 419 հազար 528, մահացել է 8 հազար 648 քաղաքացի:
Նարե Գևորգյան