Ովքեր ցուցմունք են տվել և պատմել, թե ինչպես է կատարվել ամեն ինչ, ազատ են արձակվել․ ուշագրավ իրավիճակ․ «Ժողովուրդ»

Ովքեր ցուցմունք են տվել և պատմել, թե ինչպես է կատարվել ամեն ինչ, ազատ են արձակվել․ ուշագրավ իրավիճակ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԻՆ կալանավորված նախարար Անդրանիկ Փիլոյանի եւ ԱԻՆ այլ պաշոնյաների մասով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Բանն այն է, որ, ըստ էության, նախաքաննական մարմինը քրեական գործով անցնող կաշառք տվող անձանց առաջարկ է արել: Մասնավորապես՝ ասել է՝ նրանք, ովքեր ցուցմունք կտան եւ կպատմեն, թե ում եւ ինչ հանգամանքներում են կաշառք տվել, ապա երկրից չհեռանալու մասին ստորագրության հիմքով ազատ կարձակվեն, իսկ ովքեր չեն պատմի եւ ցուցմունք չեն տա, թե ԱԻն որ պաշտոնյային են տվել կաշառք, ապա կկալանավորվեն: Կաշառք տված անձանցից շատերը պատմել են այն, ինչ անցել է իրենց գլխով, եւ այսօր ազատության մեջ են, իսկ կան անձինք, որոնք ցուցմունք չեն տվել, կալանավորված են:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ մեղադրանք է առաջադրվել արտակարգ իրավիճակների նախարարին, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Քրեական գործով ևս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ։


ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնատար անձանց կողմից խոշոր ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու և այլ չարաշահումների վերաբերյալ:

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք:

Ի դեպ, նախաքննության ընթացքում Ա.Հ.-ի բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են հրազեն և ռազմամթերք: Պարզվել է նաև, որ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ.Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն` համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար»: