«Փյունիկ»-ը և Եղիշե Մելիքյանը երկարաձգել են գործող պայմանագիրը

 «Փյունիկ»-ը և Եղիշե Մելիքյանը երկարաձգել են գործող պայմանագիրը

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը երկարաձգել են գործող պայմանագիրը մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը: Եղիշե Մելիքյանի հետ միասին երկարաձգվել են ամբողջ մարզչական շտաբի հետ գործող պայմանագրերը: 

Մելիքյանը գլխավորում է երևանյան թիմը 2021 թվականի հունվարից: Այս ընթացքում 45-ամյա մասնագետն ակումբին առաջնորդել է երկու չեմպիոնությունների առաջնությունում, հանդես եկել եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում ու տոնել հայկական ակումբային ֆուտբոլի առաջին հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայի վերոնշյալ փուլում: Մելիքյանի գլխավորությամբ «Փյունիկը» հայկական ակումբների շրջանում գրանցել է ևս մեկ բացառիկ ցուցանիշ՝ հասնելով Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ:

«Սկզբում, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արթուր Սողոմոնյանին, ում հետ սկսել ենք այս ճանապարհը և մեծ հաջողություններ գրանցել: 

Ակումբի նոր ղեկավարության հետ հանդիպումներից և քննարկումներից հետո հասկացա, որ մեր նպատակները համընկնում են և միասնական աշխատանքի շնորհիվ կարող ենք գրանցել նոր հաջողություններ: 

Համոզված եմ՝ մեր երկրպագուների և ողջ ակումբի հետ միասին աշխատելով շարունակելու ենք լինել ուժեղ և հասնելու ենք նոր բարձունքների»,-շեշտեց Մելիքյանը:

Փորձառու մասնագետը երկու անգամ ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն մարզիչ (2022, 2024) և նույնքան անգամ՝ Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն մարզիչ (2021/22, 2023/24): 

Եղիշե Մելիքյանը ևս մեկ տպավորիչ ցուցանիշի է հասել «Փյունիկում». 2024 թվականի հոկտեմբերի 28-ին «Վանի» դեմ խաղից հետո Մելիքյանը տոնեց 100-րդ հաղթանակը «Փյունիկի» ղեկին: 

Շնորհավորում ենք Եղիշե Մելիքյանին նոր պայմանագրի ստորագրման առթիվ ու մաղթում նոր հաղթանակներ մեր թիմի ղեկին:

«Փյունիկ» ՖԱ