Մեր շահերից է բխում միջազգային ուժերին դիմելը, ոչ թե Ռուսաստանին վստահելը․ Ժակ Րաֆֆի Փափազյան 

Մեր շահերից է բխում միջազգային ուժերին դիմելը, ոչ թե Ռուսաստանին վստահելը․ Ժակ Րաֆֆի Փափազյան 

Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի ֆոնին ի՞նչ դերակատարում ունի Սփյուռքը, ի՞նչ սպասել սփյուռքահայությունից, ի՞նչ ելքեր են նրանք տեսնում և ի՞նչն են այսօր համարում օրակարգային․ այս հացերի շուրջ MediaHub-ը զրուցեց Հայոց շարժման գլխավոր քարտուղար, Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչ Ժակ Րաֆֆի Փափազյանը։

 - Պարոն Փափազյան, օրեր առաջ Ֆրանսիայի Հայկական շարժումը նախագահ Մակրոնին կոչ էր արել ակտիվացնել ՀՀ-ին զենքի մատակարարումը։ Ի՞նչ պատասխան եք ստացել։ Արդյո՞ք որեւէ սպասելիք կա, որ Մակրոնը կարձագանքի այս խնդրանքին և կձեռնարկի կոնկրետ քայլեր Հայաստանի պաշտպանության ուղղությամբ: 

-Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնից մինչ օրս գրավոր պատասխան չենք ստացել Հայաստանին զենքի մատակարարումն ակտիվացնելու Ֆրանսիայի Հայկական շարժման դիմումի վերաբերյալ։ Չնայած, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Ֆրանսիա կարող ենք դիտարկել որպես առաջին արձագանք մեր խնդրանքին (հիշեցնենք, որ Պապիկյանը Ֆրանսիա է մեկնել աշխատանքային այցի շրջանակում – խմբ.)։ Բացի այդ, մենք նկատեցինք, որ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հայտարարությունները, որտեղ շեշտվում է վերջին շրջանում հայ-ֆրանսիական հարաբերությունների ռազմական բաղադրիչի ամրապնդումը և կողմերի պատրաստակամությունը՝ ակտիվացնելու այդ բաղադրիչը, լիովին համապատասխանում են մեր խնդրանքին։ Այժմ, մնում է տեսնել, թե ինչպես դա տեղի կունենա և կզարգանա գործնականում: Հուսով ենք, որ Մակրոնը դրականորեն կարձագանքի մեր կոչին և կոնկրետ քայլեր կձեռնարկի Հայաստանին աջակցելու համար։

- Ձեր հայտարարությունները գործնականում ինչո՞վ են օգնելու ՀՀ-ին և Արցախին։ 

-Որպես Սփյուռքի հայեր՝ մեր դերը մեր ծագման երկրների վրա ճնշում գործադրելն է՝ Հայաստանի հետ կապերն ամրապնդելու համար։ Մենք իսկական կամուրջ ենք Ֆրանսիայի և Հայաստանի միջև՝ հանդես գալով որպես հայկական դիվանագիտության «զինված թև» Ֆրանսիայում։ Կարևոր է հաշվի առնել Հայաստանի անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) և Ռուսաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունները, որոնք սահմանափակում են այլ գործընկերությունները, մասնավորապես Արևմուտքի հետ։ Ահա թե ինչու, մենք խնդրում ենք, որպես Սփյուռք, և կոչ ենք անում Հայաստանի հայերին մոբիլիզացվել Հայաստանի ՀԱՊԿ-ից և ՌԴ հետ դաշինքներից դուրս գալու օգտին: Ակնհայտորեն այս դաշինքներում ՀՀ մնալը ձեռնտու է Ադրբեջանին, որը ձգտում է վերջ դնել ժողովրդավարական Հայաստանին և այն վերադարձնելու տոտալիտար համակարգ: Իդեալական կլիներ այն, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը հանրահավաքներ կազմակերպեր Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանատների առջև՝ Արևմուտքին ուժեղ ազդանշան ուղարկելու համար։

Ինչ վերաբերում է Արցախին, ապա ոչ ոք շահ չունի, որ արցախահայությունը հեռանա. Ռուսաստանին պետք է, որ հակամարտությունը շարունակվի, որպեսզի կարողանա պահպանել իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում, մինչդեռ Արևմուտքին անհրաժեշտ է հայ քաղաքացիական հասարակությունը՝ Ադրբեջանում ժողովրդավարությունը խթանելու համար: Նրանք, ովքեր պնդում են, թե Արցախը լքվելու է, իրականում աղաչում են և դիտում են Ռուսաստանին՝ որպես միակ փրկիչ։ Ակնհայտ է, որ Ալիևը կմնա Ռուսաստանի ծրագրին հավատարիմ և կկանգնի Արևմուտքի պատժամիջոցներին դեմ դիմաց։ Այդտեղից է, որ մենք կկարողանանք Արցախի հայերի համար Կոսովոյի կարգավիճակի նման կարգավիճակ ստանալ։ 
Իրական խնդիրը, այս տեսանկյունից, այն է, թե ով է պատասխանատու Արցախի հայության անվտանգության համար։ ՌԴ-ն ցանկանում է ՄԱԿ-ի անսահմանափակ մանդատ ունենալ, իսկ Արևմուտքը գերադասում է միջազգային ուժերի ներկայությունը։ Ինձ համար, հաշվի առնելով շրջափակումը և վերջին պատկերները, որոնցում երևում է, թե ինչպես է ռուսական բանակը օգնում ադրբեջանական բանակին՝ բարձրացնելու ադրբեջանական դրոշը Հայաստանի տարածքում, ամեն ինչ պարզ է. բացել «Զանգեզուրի միջանցք» ԱԴԾ հսկողության ներքո: Հետևաբար, մեր շահերից է բխում միջազգային ուժերին դիմելը, քան Ռուսաստանին վստահելը։ 

-Ի՞նչ տրամադրվածություն է Սփյուռքում։ Գործնականում ի՞նչ է անում Սփյուռքը Արցախում ստեղծված իրավիճակը շտկելու ուղղությամբ։ 

-Սփյուռքում տիրող մթնոլորտը նման է Հայաստանում առկա մթնոլորտին։ Մենք բոլորս ներգրավված ենք Երևանի և Ստեփանակերտի իրադարձությունների մեջ, և բանավեճերը, ինչպես նաև բաժանումները նույնն են։ Հասարակությունների գլոբալացման հետ մեկտեղ սփյուռքի քաղաքական դաշտում առկա են նաև ռուսամետ և արևմտամետ կողմնորոշման կողմնակիցների բաժանումները: Սակայն դա չի խանգարում, որ Սփյուռքը գործի և ճնշում գործադրի Ֆրանսիայի կառավարության վրա։ Կարևոր է նշել, որ նախագահ Մակրոնն արդեն երկու անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդում բարձրացրել է Հայաստանին առնչվող հարցեր։ Մենք բոլորս տեսել ենք Ալիևի ռազմատենչ հայտարարությունները, որոնք ակնհայտորեն ուղղված են Ֆրանսիայի դեմ՝ որպես Հայաստանին կողմնակից երկիր։ Ճիշտ է, դիվանագիտական մակարդակում մենք շահում ենք նկատի ունենալով Ֆրանսիայի նախագահի հայաստանանպաստ դիրքորոշումները։ Այժմ մենք սպասում ենք կոնկրետ գործողությունների, մասնավորապես ռազմական մակարդակով, ինչու չէ, նաեւ Սյունիքի մարզում Ֆրանսիայի հյուպատոսության բացմանը։ Այս նախաձեռնությունը կամրապնդի Ֆրանսիայի և Հայաստանի միջև կապերը և ավելի անմիջական աջակցություն կցուցաբերի մեր ժողովրդին տարածաշրջանում: 

-Այն տպավորությունը չունե՞ք, որ բոլորը՝ ՀՀ իշխանությունները, միջազգային հանրությունը, Սփյուռքի մեր հայրենակիցները հետևում են, թե երբ է Ադրբեջանը ավարտին հասցնելու իր ծրագիրը: 

-Պետք չէ նստել և սպասել, որ Ադրբեջանը իրականացնի իր ծրագիրը. ավելի շուտ պետք է կենտրոնանալ սեփական ծրագրի վրա։ Ալիևի ուզած այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» երբեք չի իրականանա, քանի որ Արևմուտքը դա թույլ չի տա։ 2020 թվականի պատերազմը նպատակ ուներ կտրել Հայաստանի և Իրանի միջև սահմանը. իրականում հենց «Հյուսիս-Հարավ» եվրոպական միջանցքի նախագիծն է թիրախավորված: Հայաստանին վիճակված է կամուրջ դառնալ ազատ աշխարհի և ամբողջատիրական աշխարհի միջև։ Մեր դերը ժողովրդավարության խթանումն է ողջ Կովկասում, ինչպես Իրանում, այնպես էլ նաև Ադրբեջանում։ Այդ դեպքում Հայաստանը կարող է դառնալ այս երկու աշխարհները կապող տնտեսական կենտրոնը։ Իսկ Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը այս հարցին թշնամաբար են տրամադրված: Այնուամենայնիվ, հավատացեք, այս ծրագրերը կյանքի կկոչվեն։ Դրան հասնելու համար մենք պետք է խզենք Ռուսաստանի հետ բոլոր կապերը և նոր դաշինքներ հաստատենք այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են` Հնդկաստանը, Իրանը, Վրաստանը, Ուկրաինան, Ֆրանսիան և ԱՄՆ-ը։ Ժողովուրդը պետք է աջակցի այս ծրագրին և մոբիլիզացվի, որպեսզի այն հաջողվի։ 
Մեր պատասխանատվությունն է գործել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հետ միասին՝ իրականացնելու մեր սեփական ծրագիրը և հասնելու մեր նպատակներին։

Լիաննա Թորոսյան