Այսօր Արցախը փրկում է ողջ հայ ժողովրդի պատիվը․ Տավուշի թեմի առաջնորդ

Այսօր Արցախը փրկում է ողջ հայ ժողովրդի պատիվը․ Տավուշի թեմի առաջնորդ

16 օր է, որ Արցախում բնակվող մեր սիրելի քույրերն ու եղբայրները շրջափակման մեջ են, բայց շրջափակումը միայն իրենց չի վերաբերվում, մենք բոլորս ենք շրջափակման մեջ։ Այս մասին ասուլիսում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

«Այսօր Արցախը փրկում է ողջ հայ ժողովրդի պատիվը, ժառագության նկատմամբ ունեցած հավատարմությունը և Աստծո հետ ապրելու ճշմարտությունը։ Ես անկեղծորեն ամաչում եմ դուրս գալ փողոց, մարդկանց հետ նույնիսկ դժվարանում եմ շփվել այն մտքով, որ իմ սիրելի հայրենակիցները գտնվում են բարդ իրավիճակում»,-ասաց եպիսկոպոսը։

Ըստ նրա՝ սխալ է, երբ Արցախը, որպես միավոր, առանձնացվում է. ամեն ինչ վատթարացավ, երբ Արցախի հարցը բաժանվեց հայկական հարցից։

«Նրանք, ովքեր բեռ են ընկալել Արցախը, նրանք են բեռ մեր կյանքում և նրանցից պետք է հրաժարվել։ Արցախի հարցը երբեք չի կարող բաժանված լինել հայկական հարցի ընդհանուր համատիրույթից»,-ընդգծեց Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Վերջինս շեշտում է, որ Արցախի հարցում իրատեսությունը հանձնվելու մասին չէ, այն պարտված, ստորացված ապրելու մասին չէ, այլ իրատեսությունը արժանապատվությունն է։

«Հիմա ամենակարևորն այն է, որ մենք խաղաղությունը չպարտվենք։ Սուրբ գիրքն ասում է՝ մենք արդարությունից շեղվեցինք և ճշմարտությունն էլ մաշեցրինք, մենք այդ իրավիճակում ենք գտնվում, մենք այսօր կոչված ենք «արյունահոսությունը» կանգնեցնելու»,-խոսքն ամփոփեց Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։