Խնդրեմ, մենք ասել ենք՝ Ադրբեջանի առաջ ճանապարհները ցանկացած պահի կարող են բացվել․ Փաշինյան

Երեկվա իմ ելույթը պայմանավորվածությունների մասին գույքագրում էր, այդ ելույթն արդեն ծառայել է իր նպատակին՝ այն առումով, որ այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որի մեջ մեզ մեղադրում է՝ Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ կապի հաստատման գործը վիժեցնելու մեջ․ այս մասին Հանրային հեռուստաընկերութան եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության երեկվա նիստին արված իր հայտարարություններին։

«Սա ինչո՞վ է կարեւոր, որ չնայած նրան, որ Ադրբեջանի նախագահը իր խոսույթում զարգացնում է, անընդհատ խոսում է խոստացված միջանցքի մասին, ԱԳՆ-ն արդեն միջանցք բառը չի օգտագործում, որովհետեւ ԱԳՆ-ի հիմնական հասցեատերը միջազգային հանրությունն է։ Միջազգային հանրությունը ոչ միայն հետեւում է բանավոր հայտարարություններին, այլեւ փորձում է վերադառնալ եւ տեսնել, թե ինչ փաստաթղթեր են ստորագրված եւ ինչ են նշանակում։ Այս առումով իսկապես կարեւոր է պայմանավորվածությունները գույքագրելը։ Հենց այս ճանապարհով մենք պետք է գնանք, որպեսզի եւ՛ մեր, եւ՛ միջազգային, եւ՛ Ադրբեջանի հանրությանը ճիշտ ներկայացվի պայմանավորվածություններն ու այն, թե ով չի կատարում դրանք»,-ասաց Փաշինյանը։

Նա շեշտեց, որ երբեք էլ դեմ չի եղել Ադրբեջանի առջեւ Հայաստանի ճանապարհները բացելուն.

«Ուզո՞ւմ են Հայաստանի հետ ճանապարհները օգտագործել՝ Նախիջեւանի հետ կապ ստեղծելու համար՝ խնդրեմ, մենք ասել ենք, որ այդ ճանապարհը ցանկացած պահի կարող է բաց լինել»,-ասաց նա։

Փաշինյանը հիշեցրեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ճանապարհների ապաշրջափակման մասին կետը՝ նշելով, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի գնալ այդ ճանապարհով։

Մանրամասները՝ տեսանյութում: