Մեղադրանքներ, ձերբակալություններ, աղմկահարույց դատեր. ինչպիսի՞ն էր 2023֊ը

Մեղադրանքներ, ձերբակալություններ, աղմկահարույց դատեր. ինչպիսի՞ն էր 2023֊ը

2023 թվականն իրավական առումով հարթ չէր․ մեղադրանքեր, ձերբակալություններ, դատեր, որոշումներ, որոնք երբեմն աբսուրդային էին թվում։ 

MediaHub-ն ուսումնասիրել է իրավական տարին ՀՀ-ում ու առանձնացրել ամենաքննարկվող գործերը։ Առաջին դատական գործը ԶՄՊԿ պահնորդի սպանության գործն է, որի հետքերով MediaHub-ը առաջին օրվանից գնաց՝ ամիսներ շարունակ ուսումնասիրելով այն, զրուցելով սպանված Մելիքսեթ Հայրապետյանի հարազատների հետ։

ԶՊՄԿ պահնորդին սպանել էր ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը։ Ախունդովը ապրիլի 10-ին ՀՀ պետական սահմանը հատել էր ծառայակից Ագշին Բաբիրովի հետ։ Ագշինն ավելի վաղ էր հայտնաբերվել Սյունիքի մարզի Աշոտավան համայնքում, երեք օր անց էլ Հուսեյնը հայտնաբերվեց Աճանան գյուղում ու արդեն հստակ ապացույցներով, որ մարդ է սպանել, իր ինստագրամյան էջում էլ ուղիղ եթերով հայտնել էր այդ մասին։ Բաբիրովին դատարանը 11 տարվա ազատազրկման էր դատապարտել՝ սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Իսկ Ախունդովը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման, սակայն տուժող կողմը դեմ էր այս որոշմանը, բողոքարկել էր ու պահանջել՝ վերջինիս դատապարտել ցմահ ազատազրկման։ 

Ամիսներ շարունակ սպասելուց հետո Մելիքսեթյանները մեկ օրում իմացան, որ իրենց պահանջը բավարարվել է։ MediaHub-ի հետ զրույցում սպանված պահնորդի որդին՝ Ժորժ Մելիքսեթյանը, բազմիցս ասել է, որ Ախունդովին պետք է տարանջատել ռազմագերիներից, որովհետև վերջինս Հայաստանում մարդ է սպանել ու չի կարելի նրան փոխանակել Բաքվում պահվող հայ ռազմագերիների հետ։ Սակայն, դեկտեմբերի 6-ին առավոտյան դատարանը Ախունդովին ցմահ ազատազրկման դատապարտեց։ Այս հապճեպ որոշումը կասկածելի էր ընտանիքի համար, բայց, ըստ էության, բողոքելու տեղ չունեին՝ իրենց պահանջը բավարարված էր։ Օրեր անց միայն պարզ դարձավ, թե ինչն է նման արագ որոշման պատճառը․ ՀՀ-ն 2 դիվերսանտ ադրբեջանցուն վերադարձնում է Բաքու՝ 32 հայ գերու դիմաց։ 

Որոշումը միանշանակ չընդունվեց ո՛չ Մելիքսեթյանների, ո՛չ էլ հասարակության կողմից, սակայն իշխանությունները պնդում էին՝ սա քայլ էր 32 հայ զինծառայողներին հայրենիք վերադարձնելու համար։ Ստացվում է՝ հային սպանող ադրբեջանցին Բաքու է վերադառնում հերոսացած. պատմության դրական կողմը 32 հայերի կյանքերն են։  

Հաջորդը տարիներ ձգվող դատական գործն է։ Խոսքը ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործի մասին է։ Հանգուցյալ Գրիգորյանը մեղադրվում էր ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամ յուրացնելու, ավելի քան մեկ մլրդ դրամ հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան մեկ մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չէր ընդունում։ Ավելի քան մեկուկես տարի անազատության մեջ գտնվելուց հետո 2020-ի հունվարին Գրիգորյանը ազատ էր արձակվել կալանքից, երբ առողջական վիճակը կտրուկ վատացել էր։ Գրիգորյանը մահացել է նախքան իր դատավճռի հրապարակումը, բայց ընտանիքը սպասում էր, որ մահվան հանգամանքը գոնե ինչ-որ բան կփոխեր ու գեներալին կարդարացնեին, սակայն նոյեմբերի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հրապարակեց Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով վճիռը, ըստ որի՝ վերջիններս մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի քանի հանցանքներում։ 

Վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Գրիգորյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի կբռնագանձվի շուրջ մեկ միլիարդ ութ հարյուր միլիոն ՀՀ դրամ, 8 ավտոմեքենա, բացի այս՝ շուրջ 8 հազարի հասնող «Զինվորի բաժին» մակնշմամբ մթերք, հանդերձանք, դեղորայք կտրվի ԵԿՄ-ին, իսկ մի քանի տասնյակ հազարի հասնող զենք և զինամթերք կտրվի ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինմանը։ Դատարանի որոշմամբ այս գործով տուժողի իրավահաջորդ Թորոսյանին կվերադարձվի Վաղարշապատում գտնվող 1 բենզալցակայան։ Նազիկ Ամիրյանից կբռնագանձվի շուրջ հարյուր մեկ միլիոն երկու հարյուր հազար ՀՀ դրամ, իսկ նրա հաշիվները, շարժական, անշարժ գույքերը կմնան կալանքի տակ՝ մինչև դատավճռի կատարումը: 

Ամիրյանը MediaHub-ի հետ զրույցում ասել էր, որ սա ամենաաբսուրդային որոշումն էր, որն էլ բողոքարկել են։ «Այսպես «չագուճով, լոմով» դատավճիռ չեն հրապարակում, սա օրենքի ոտնահարում է»,- ասել էր Գրիգորյանի կինը։

2022 թվականի նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում սեփական տանը սպանված էին հայտնաբերվել 31-ամյա Զարինե Մելիքսեթյանը և վերջինիս 12-ամյա դուստրն ու 8-ամյա որդին։ ՀՀ Քննչական կոմիտեն միայն 2023 թվականին ավարտեց դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունն, ու գործը դատարան մտավ։ Մեկ տարի շարունակ սպանությունների համար մեղադրվող ազգականներ Արկադի և Վրույր Բարսեղյանների կալանքի ժամկետը երկարաձգվում էր։ Նախաքննությունն ավարտվեց ու առաջին դատական նիստը կայացավ սպանությունից մեկ տարի անց։ Դատական նիստին Արկադի Բարսեղյանը պնդում էր, որ սպանության հետ որևէ կապ չունի, Վրույրն էլ փորձում էր ամեն ինչ իր վրա վերցնել, նույնիսկ բռնաբարությունը, որի համար Արկադիին էին կասկածում։

Սպանության առաջին օրից MediaHub-ը ձեռքը պահել է զարկերակին ու հետևել բոլոր զարգացումներին՝ զրուցել փաստաբանների ու սպանված ընտանիքի հոր՝ Սևակ Մելիքսեթյանի հետ։ Մելիքսեթյանը մի քանի գաղտնիք էր բացել մեզ հետ ունեցած տարբեր զրույցներում՝ ասելով, որ իրականում առերեսում այդպես էլ չի եղել կամ օրինակ այն, որ մեղադրյալ Արկադին նույնիսկ կնոջ և երեխաների հոգեհանգստին ու հուղարկավորությանը ներկա է եղել։ Սևակի պահանջը մեկն է՝ որևէ կերպ չարդարացնել Բարսեղյաններին, չնայած իր առաջարկած տարբերակն ավելի դաժան է․ առաջարկում է գնդակահարել երկուսին էլ։ Արկադին հացադուլ էր հայտարարել, Վրույրը՝ ինքնավնասման փորձ արել։ Մեկ տարի շարունակ այս գործը մնում է բոլորի ուշադրության կենտրոնում։ Մնում է վստահել իրավապահ մարմիններին ու հուսալ, որ գործն ամբողջությամբ կբացահայտվի։

Լիաննա Թորոսյան