Կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի. Արարատ Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի:
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Միրզոյանը վստահեցրեց, որ անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդիրը մեր առաջնային ուշադրության կենտրոնում է և ամենժամյա աշխատանքի թեման և թիրախն է.
«Ես չեմ կարող մտաբերել որևէ լուրջ հանդիպում և քննարկում, որտեղ այս թեման չի արծարծվում։ Ադրբեջանը մինչ այսօր չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունը, այն է՝ անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց»,-ասաց Միրզոյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը կապել ականապատված դաշտերի քարտեզների և ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած անձանց փնտրելու հարցի հետ.
«Այդ հարցերն ընդհանրապես իրար հետ կապ չունեն, այնուամենայնիվ, մենք, որպես բարի կամքի նշան, արել ենք և շարունակում ենք անել մեր շատ մարդասիրական քայլերը և ակնկալում ենք, որ նույնպիսին էլ պետք է լինի Ադրբեջանի կողմից պահվածքը, սա ուղղակի իրենց պարտավորությունն է՝ թղթի վրա գրված, որը դեռ չի արվել»,-ասաց Միրզոյանը:
Նա նշեց, որ գերիների հարցը քննարկվել է ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Շառլ Միշելի՝ բրյուսելյան հանդիպման ընթացքում.
«Կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի։ Մենք հիմա շարունակում ենք բանակցել դրա շուրջ», - ասաց Արարատ Միրզոյանը։