Հանրահավաքը մի քանի դրական ազդակ ուներ․ անկեղծ ասեմ՝ չէի սպասում, որ այդքան մարդ կգա

Հանրահավաքը մի քանի դրական ազդակ ուներ․ անկեղծ ասեմ՝ չէի սպասում, որ այդքան մարդ կգա

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․

«Երեկվա հանրահավաքը մի քանի դրական ազդակ ուներ: Պետք է անկեղծ ասեմ` չէի սպասում, որ այդքան մարդ կգա: Իսկ մարդիկ ոչ միայն եկան, այլև շատ շատերը հետները պաստառներ բերեցին, որոնց վրա քաղաքական կոնկրետ ուղերձներ և դիրքորոշում էր արտահայտված: Սա, իմ կարծիքով, վերջին ամիսների ամենալավ լուրն է. քաղաքացիները եկել էին ոչ միայն լսելու, այլև ասելու: Այսինքն սոցիալական պատվեր է ձևավորվում, ինչը պարզապես հրաշալի է:

Երկրորդ, փոխվել էր նաև հարթակը: Հանրահավաքը հայտարարություն ընդունեց և, կարելի է ասել, առաջին անգամ իշխանություններին հեռացնելուց զատ կարևոր այլ խնդիրներ ձևակերպեց: Ընդհանուր առմամբ ընդդիմությունը նախօրեին հասավ նրան, որ դա եղավ ոչ թե իր, այլ իրապես ժողովրդական հանրահավաք: Սա նույնպես շատ դրական ազդակ էր:

Երրորդ, մարդկանց բացարձակ մեծամասնությունը հոգեպես բավարարված վերադարձավ իր տուն: Նախօրեի հանրահավաքը նրանք նոր մեկնարկ համարեցին և հիմա շատ կարևոր է, որ հաջորդ քայլերն էլ նույնքան ոգևորիչ լինեն: Ժողովրդին փոքրիկ հաղթանակներ են պետք ու նոր ձեռքբերումներ: Թեկուզ հենց Հայաստանի բոլոր քաղաքներում Արցախի դրոշներ տեղադրելու տեսքով: Դա էլ է գործողություն, որը կարող է հետագա` էլ ավելի մեծ գործերի կարևոր սկիզբ դառնալ:

Չորրորդ, ընդդիմադիր ուժերը, հատկապես խորհրդարանական ֆրակցիաները, հանրային աջակցության մեծ կրեդիտ ստացան: Բայց դա դեռ ընդամենը աջակցություն է: Հուսով եմ` նրանք կկարողանան այդ աջակցությունը վստահության, իսկ հետո նաև երկիրն այս վիճակից դուրս բերելու իրական ռեսուրսի վերածել:

Դե իսկ ամենակարևորն այն է, որ միջազգային հանրությունը, մեր թշնամիներն ու դաշնակիցները տեսան, որ Հայաստանը չի հանձնվել: Ու չի հանձնվելու: Որովհետև Հայաստանը դա Նիկոլ Փաշինյանը չէ: Հայաստանը հրապարակում կանգնած Հայն է, որը դեռ շատ ասելիք ունի աշխարհին:

P.S. Մարդկանց բազմության մեջ կանգնած էր նաև Սերժ Սարգսյանը: Որքան բովանդակություն ու խորություն կա այս մեկ կադրի մեջ: Ու որքան սովորելու բան ունի մեր մտավորականությունը նրանից…»։