Լիազորությունները կասեցված դատավոր Արուսյակ Ալեքսանյանն ազատ է արձակվում

Լիազորությունները կասեցված դատավոր Արուսյակ Ալեքսանյանն ազատ է արձակվում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավոր Արուսյակ Ալեքսանյանն ազատ կարձակվի։

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշում է կայացրել Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը փոխարինել գրավով՝ 25 մլն դրամի չափով: Նրա հանդեպ նաև կիրառվել են բացակայելու արգելք ու վարչական հսկողությամբ։

Արուսյակ Ալեքսանյանն ավելի քան 2 տարի արգելանքի տակ է եղել։

Դատարանն արգելել է Արուսյակ Ալեքսանյանին շփվել գործով այլ մեղադրյալներ Էրիկ Ալեքսանյանի և Թամարա Պետրոսյանի, վերջիններիս պաշտպանների հետ։

Ըստ մեղադրանքի՝ դատավորն ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել և չարաշահել պաշտոնեական լիազորությունները։ Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, փոխել է վերջինիս խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատել կալանքից։ Սերգեյ Գրիգորյանն Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է։

Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով (օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն)։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին