Ամուլսարի թնջուկը. բնապահպանների հարցերն անպատասխան են, իշխանությունը՝ գոհ

Ամուլսարի թնջուկը. բնապահպանների հարցերն անպատասխան են,  իշխանությունը՝ գոհ

Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր հայտարարեց, թե Հայաստանն այսօր 250 միլիոն դոլարանոց փաթեթ է ստորագրելու «Լիդիան Արմենիա» ընկերության հետ։ 

«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ շատ հարցեր են առաջացել։ 

«Առաջին հարցն այն է, թե ինչո՞ւ է այդ պայմանագիրը Կառավարության հետ կնքվում, եթե կնքվում է, ապա մեր բյուջեից պե՞տք է այդ գումարը տրամադրվի. չեմ հասկանում սա։ Եթե բյուջեից ներդրում է համարվում, ապա ինչո՞ւ համար է ներդրում կատարում, եթե ներդրում չէ, ապա ինչո՞ւ է պատասխանատվությունն իր վրա վերցնում»,-ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով, հիմա, իրականում, սխալ է ինչ-որ մեկնաբանություն տալ, քանի հստակ պայմանագիրը չի տեսել։ Ամեն դեպքում, շարունակեց նա, 250 մլն դոլարանոց պայմանագիր են կնքում ու չես հասկանում՝ ովքեր.

«Իրենք թույլտվություն ունեն, թող գնան, իրենց գործն անեն, պետության հետ ի՞նչ գործ ունեն»:

Վարդանյանը շեշտեց՝ հիմա արդեն անիմաստ է խոսել հանքի շահագործման բնապահպանական առումով բացասական ազդեցության մասին։

«Ժամանակին շատ ենք խոսել, բայց ոչինչ չի փոխվել։ Հատկապես հիմա, երբ թշնամին այսքան մոտ է Ջերմուկին, գնդակոծություններ են եղել, ցեանիդի հարթակ՝ բաց տարածքում, չեմ պատկերացնում, թե ինչ ռիսկ ունեն, որ գնում են այդ քայլին»,-շեշտեց Վարդանյանը։ 

Բայց իշխանությունը, ինչ խոսք, շատ ուրախ է, որ վերջապես Ամուլսարը շահագործվելու է, թեև ժամանակին՝ մինչ 2018-ի «հեղափոխությունը», Նիկոլ Փաշինյանի թիմակիցները հայտարարում էին, որ «Ամուլսարը միայն սար է մնալու»: Այդպես, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ իրականում շատ ուրախ է, որ հանքը վերջապես կշահագործվի։ 

«Իրականում, չեմ կարծում՝ և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում կա այնպիսի տարածք, որը հասանելի չէ հակառակորդի ԶՈՒ-ի համար՝ երկուստեք։ Դժվար թե հանքի շահագործումը խնդիր առաջացնի, եթե նույնիսկ հակառակորդը 3 կմ-ի փոխարեն 300 մետր մոտ լիներ։ Պետք է տարբերակենք հարցերը»,-շեշտեց պատգամավորը։ 

Ղահրամանյանի խոսքով՝ կարևոր է, որ սա օտարերկրյա մեծ ներդրում է։

«Մեր հանքարդյունաբերական ոլորտում ներդրումները հիմնականում ռուսական են եղել, սա թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական առումով կարևոր է մեզ համար, ինչ-որ տեղ նույնիսկ՝ երաշխիք։ Նախագիծը նայելիս պարզ է դառնում, որ Ամուլսարը շահագործվելու է ամենաժամանակակից տեխնոլոգիաներով, որի բնապահպանական վնասները հասցվել են մինիմալի ու հուսով եմ, որ սա օրինակ և ստանդարտ կդառնա բոլոր հանքարդյունաբերողների համար»,- հավելեց ՔՊ-ական պատգամավորը։

Նշենք, որ ըստ մամուլի՝ ՀՀ կառավարությունը Ամուլսարի շահագործման դիմաց կստանա Lydian Armenia-ի բաժնետոմսերի 12,5%-ը:

Լիաննա Թորոսյան