Ծեծի ենթարկված զինվորականը վիրահատվում է

Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավար, ծեծի ենթարկված փոխգնդապետ Լեռնիկ Օհանյանն այս պահին վիրահատվում է։ MediaHub-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Օհանյանի հարազատները ևս հիվանդանոցում են։
Հիշեցնենք, որ մամուլում տարածված տեղեկություններով՝ ապրիլի 21-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այդ օրը՝ ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ ՊՆ թիվ զորամասից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի բաժին, որ «Փակ գանգուղեղային տրավմա, ձախ քունքային շրջանի հեմատոմա, աջ վերհոնքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջադ, հեմատոմա կրծքավանդակի և ողնաշարի փակ վնասվածքով, հարցական նշան» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որը ինչպես պարզվել է ՀՀ ՊՆ Տավուշի թիվ 2-րդ տարածքային ստորաբաժանման ղեկավարն է՝ 47-ամյա Լեռնիկ Օհանյանը։
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում Տավուշ բնակավայրի 1-ին փողոցի 71 հասցեում գործող ավտոգազալցակայանում գազ լիցքավորելու հերթի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Լ․ Օհանյանի և Տավուշի մարզի բնակիչներ 43-ամյա Գոռ Աթոյանի ու 33-ամյա Վարդան Եսայանի միջև, որի ժամանակ էլ վերջիններս ծեծի են ենթարկել Լ․ Օհանյանին։