Ոչ ադեկվատ մարդկանց չեմ մեկնաբանում․․․ հո ապուշ չե՞մ․ Հակոբյանը՝ Փաշինյանին

Ոչ ադեկվատ մարդկանց չեմ մեկնաբանում․․․ հո ապուշ չե՞մ․ Հակոբյանը՝ Փաշինյանին

Երեկ՝ Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանը  հերթական ուշագրավ հայտարարությունները արեց: Մասնավորապես, հայտարարեց, որ նախքան «խաղաղության պայմանագրի» ստորագրումը մենք սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում ենք առաջարկել Ադրբեջանին։

«Նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու»,- նշեց Փաշինյանը։

Այսինքն, մենք ոչ միայն խաղաղության ենք գնում նրա հետ, ով մեզ սպանում է, այլ նաև պատրաստ ենք այնքան վստահել նրան, որ ապառազմականացման պակտ ստորագրենք։ Իսկ ի՞նչ կարող է դա տալ մեզ և ընդհանրապես, իրավունք ունե՞նք նման քայլի գնալու։ MediaHub-ի այս և այլ հարցերին պատասխանել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

-Պարո՛ն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ նախքան «խաղաղության պայմանագիրը» պետք է ապառազմականացման պակտ ստորագրենք Ադրբեջանի հետ, սա որքանո՞վ եք իրատեսական համարում։
-Չեմ հետևում Նիկոլ Փաշինյանին։ 

-Բայց, մենք ընդհանրապես, կարո՞ղ ենք Ադրբեջանի հետ որևէ պակտ ստորագենք, որևէ նման պայմանագիր հնարավո՞ր է։
-Ոչ ադեկվատ մարդկանց չեմ մեկնաբանում։

-Հայտարարությունը մի մեկնաբանեք, ընդհանրապես, նման փաստաթուղթ ստորագրել  հնարավո՞ր է։
-Ես այսօր պաշտոնյա չեմ, որ ինչ-որ բան ասեմ։

-Բայց Դուք ռազմական գործիչ եք։
-Ի տարբերություն իրենց, ես իրական իրադրության գնահատման արդյունքում եմ կարողանում ինչ-որ բան ասել։ Երբ իրավիճակին չեմ տիրապետում, թե ինչ հարաբերություններ են, ինչ վիճակում են մեր զորքերը, մեր բանակը, չեմ կարող մեկնաբանել։

-Իսկ թշնամուն ճանաչելո՞վ, պարո՛ն Հակոբյան։
-Էն ժամանակ կարող է լինի, հիմա՝ ոչ։

-Այն ժամանակ կարո՞ղ էինք պակտ սրոտարգրել, հիմա ո՞չ, թե նկատի ունեք, որ այն ժամանակ էիք ճանաչում թշնամուն։
-  Հո ես ապուշ չեմ։ Ի՞նչ է նշանակում ստորագրել։ Եթե խուլիգանն ասում է՝ «ես քեզ չեմ ապտակելու», դա նշանակում է՝ ինքը քեզ չի ապտակելո՞ւ։ Խուլիգանը քեզ չի ապտակելու, եթե իմանա, որ այդ ապտակը կրկնակի ուժով հետ է ստանալու։ Բոլոր բանակցությունները, բոլոր փաստաթղթերը, աշխարհը հազար անգամ ապացուցել է, որ ոչ մի բան են, մինչև չկա դրան հակազդող ուժը։ Քանի՞ օրինակ բերեմ․ համաշխարհային պատերազմ, Հիտլերն ու Ստալինը պայմանագիր ունեին, չհարձակվեցի՞ն։ Ուկրաինան ու Ռուսաստանը, ատոմային ռումբն Ուկրաինայից հանելուց հետո ասել էին, որ երբեք չեն հարձակվի, 21-րդ դարում հարձակվեցի՞ն։ ԱՄՆ-ն ասում է՝ ոչ մի երկրի ներքին հարցերին չի խառնվելու, չի՞ խառնվում։ Դա չի լինելու, եթե դու ինքդ չասես․ դու ով ես և ինչի ես ունակ։ Ինչքան դու ոչ կենսունակ ու ոչ մրցունակ լինես, այնքան քեզ հետ անելու են այն, ինչ ցանկանում են։

-Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ բանակի կենսունակության համար ամեն ինչ անում են։
-Ես էլ, գիտես, երեկ չէ մյուս օրը թռա Լուսին ու իջա։

Նարե Գնունի