Ընդդիմությունը՝ Ադրբեջանի դեմ, առանց իշխանության

Ընդդիմությունը՝ Ադրբեջանի դեմ, առանց իշխանության

Խորհրդարանական ընդդիմությունը որոշել է դեկտեմբերի 2-ին ԱԺ արտահերթ նիստ անցկացնել Ադրբեջանի խորհրդարանի հայտարարության կապակցությամբ։

Ադրբեջանի օրենսդիրները նոյեմբերի 8-ին հայտնել էին, թե Միլի մեջլիսը կոչ է անում հայկական կողմին՝ «ճիշտ գնահատել ստեղծված պատմական հնարավորություն»։

Թշնամի երկրի խորհրդարանը կարծում է, որ Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքների հիման վրա խաղաղ բանակցությունների գործընթացում ձեռնարկվելիք քայլերը կնպաստեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։

MediaHub.am-ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը փոխանցեց, որ պատերազմից հետո ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում Ադրբեջանը շարունակական ճնշում է գործադրում, փաստերի նեգնափոխումներ իրականացնում։

«Պատերազմից երկու տարի անց Ադրբեջանը փորձում է ագրեսորի իրավիճակում ներկայացնել ՀՀ-ին և Արցախին և շանտժաներով, ճնշումներով առաջ է ուզում տանել իր շահերը։ Միլի մեջլիսի հայտարարությանը ՀՀ խորհրդարանն իրավունք չունի չպատասխանելու և դրա համար մենք արտահերթ նիստ ենք նախաձեռնել, որի համար նախապատրաստել ենք համապատասխան հայտարարությունը, որը համապատասխան գնահատական է տալիս ստեղծված իրավիճակին: Նաև հայտարարությունով ասելու ենք, որ մենք պետք է հստակ գնահատական տանք Արցախի ժողովրդի ինքնորոշմանը, Ադրրբեջանը պետք է դուրս գա մեր տարածքներից, պետք է վերադարձնեն մեր գերիներին։ Մենք նաև կոչ ենք անելու, որ միջազգային հանրությունը դատապարտի Ադրբեջանի գործողությունները»,-ասաց նա։

ԱԺ նախագահն արդեն ստորագրել է արտահերթ նիստի անցկացման որոշումը։ Բայց արդյոք իշխող խմբակցությունը մասնակցելու է նիստին.

MediaHub.am-ը փորձեց ճշտել ՔՊ խմբակցությունից, սակայն մեզ փոխանցեցին, որ այս պահին որոշում չունեն։ Հասկանալի է, որ քաղաքական մեծամասնությունն այս անգամ ևս չի մասնակցի ընդդիմության հրավիրած արտահերթ նիստին՝ անկախ նրանից, թե ինչ հարց է օրակարգում…. կամ հենց՝ հաշվի առնելով այն, թե ինչ հարց է օրակարգում:

Լիաննա Թորոսյան