Չափած-ձևած տղա էր, համեստ, հավասարակշռված․ երեկ զոհված Նարեկը Սևանից էր

Համեստ տղա էր, հավասարակշռված, չափած-ձևած։ Երեկ Տեղում զոհված Նարեկ Սարգսյանին այսպես են բնութագրում ուսուցիչները։
29-ամյա Նարեկը ծնունդով Սևանից է, պայմանագրային զինծառայող։
«Երեք եղբայր են, ինքը միջնեկն էր, դպրոցն ավարտելուց հետո անցել էր պայմանագրային զինծառայության»,- MediaHub.am-ի հետ զրույցում պատմեց Նարեկի ուսուցիչներից մեկը:
Նարեկն ամուսնացած չէր, Սյունիքում էր ծառայում, ընտանիքին պահող ձեռքն էր, հայրը թոշակառու ոստիկան է, մայրը՝ ռուսերենի ուսուցչուհի, բայց արդեն մի քանի տարի է՝ չի աշխատում։
«Որ ասում են լավ մարդ, դաստիարակված մարդ, բոլորի հանդեպ հարգանք տածող մարդ, էդ բոլոր բնութագրիչները հենց Նարեկի համար են»,- նշեց ուսուցչուհին։
Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքն անձնվիրաբար պաշտպանելիս, ըստ պաշտոնական հաղորդագրության, զոհվել է չորս զինծառայող։ Նարեկ Գագիկի Սարգսյանը նրանցից մեկն էր։
Նարե Գնունի