Երեխաներս մինչ օրս տրվող 50 000-ական դրամները չեն ստացել․ ահազանգ տեղահանված արցախցուց

Երեխաներս մինչ օրս տրվող 50 000-ական դրամները չեն ստացել․ ահազանգ տեղահանված արցախցուց

Արցախի Մարտակերտ քաղաքից տեղահանված բազմազավակ Հասմիկ Ղարիբյանը MediaHub-ին ահազանգում է՝ ՀՀ կառավարության սահմանած աջակցությունը չեն ստանում:

«Ես ստացել եմ միայն միանվագ 100 000 դրամ օգնությունը, իսկ երեխաներիցս 4-ը նախորդ տարվանից մինչ օրս 50 000-ական դրամները չեն ստացել, հունվարից էլ՝ 40000+10000 դրամները»,- դժգոհեց բազմազավակ մայրը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նախորդ տարվա որոշմամբ, արցախցիները պետք է 2 ամիս՝ նոյեմբերին և դեկտեմբերին, ստանային 50 000 դրամ աջակցություն՝ սպառողական ծախսերի համար, իսկ 40000+10000 դրամները շարունակաբար տրվում են կումունալ վճարումների ու բնակարանի վարձի համար։ Եվ թեպետ այս ֆինանսական աջակցության ծրագրերի շահառու են համարվում միանվագ 100 000 դրամ ստացած տեղահանվածները, այնուամենայնիվ,  արցախցիներից շատ են ահազանգերը՝  100 000 դրամից հետո այլ աջակցություն չստանալու խնդրով պայմանավորված։  

Մարտակերտի բնակչուհին Հայաստան է եկել 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ վեցերորդ երեխային էր սպասում, իսկ ամուսինը 2023թ.արցախյան պատերազմից հետո բռնի տեղահանվել է հարյուր հազարից ավելի արցախցիների հետ միասին։

Հասմիկ Ղարիբյանը պատմեց, որ իրենց ընտանիքը չի կարողացել օգտվել նաև նախորդ տարիներին ՀՀ կառավարության կողմից բնակարանային ապահովման ծրագրով տրվող վկայականների ծրագրից, քանի որ այդ ժամանակ Մարտակերտը դեռ հանձնված չէր Ադրբեջանին և իրենց խոստացել էին բնակարան հատկացնել այնտեղ։  

«2020թ. սեպտեմբերին, երբ պատերազմը սկսվեց, ես հղի էի, տեղափոխվեցի Հայաստան, ամուսինս որոշեց, որ մի որոշ ժամանակ ես ու երեխաները վարձով մնանք Հայաստանում, որովհետև կեսարյան հատումով պետք է ծննդաբերեի, իսկ Ստեփանակերտից Մարտակերտ 2,5 ժամվա ճանապարհ է, ու բացի դա էլ Մարտակերտում նարկոզ տվող չկար արդեն։ 6-րդ երեխաս Հայաստանում ծնվեց՝ 2021թ. հունվարին։ Կարճ ժամանակ անց ամուսինս վերադարձավ Արցախ, որ կարողանա մեր տան հարցը լուծի, որովհետև այն տունը, որտեղ վարձով էինք մնում, տանտերը պատերազմից հետո ուրիշին էր տվել»,- պատմեց Հասմիկն ու հավելեց, որ Մարտակերտում ընդհանրապես ազատ տուն չէր մնացել՝ Արցախի գյուղերից տեղահանված բնակիչներն էին մնում, իսկ ամուսինն էլ պայմանագրային զինծառայող էր` ամսվա կեսը Արցախի դիրքերում էր լինում:

44-օրյա պատերազմից հետո Հասմիկի ընտանիքը շուրջ երեք տարի կիսված է ապրել. երեխաներն իր հետ` Հայաստանում, իսկ ամուսինը` Արցախում, ավելին` Արցախի շրջափակման պատճառով երեխաները մոտ մեկ տարի չեն տեսել իրենց հորը, բայց չնայած ծանր ապրումներին ընտանիքի վերամիավորման հույսը չեն կորցրել:

Արցախում իր ապրած կյանքը համեմատելով Հայաստանում ներկայիս ֆինանսական բարդ իրավիճակի հետ՝ Մարտակերտի բնակիչը նշեց, որ Արցախում իրենց համար դժվար չէր վարձով ապրելն ու միաժամանակ հինգ երեխա մեծացնելը. «Ամուսինս 14 օր դիրքերում էր լինում, 14 օր էլ մասնավոր աշխատանք էր անում՝ տներ էր վերանորոգում. մեզ բավարարում էր մեր գումարը, իսկ տան վարձն էլ ցածր էր»։  

Խոսելով պատերազմի վախը սրտում երեխա մեծացնելուց՝ Հասմիկ Ղարիբյանը վստահեցերեց, որ պատերազմը չէր կարող նրան ստիպել քիչ երեխաներ ունենալ։ Նա նաև հուզմունքով հիշեց, որ 2016թ.ապրիլյան պատերազմից հետո իրենց բակի երեխաները, այդ թվում՝ իր առաջնեկը, ծառերի ճյուղեր էին կտրտում, խրամատներ սարքում ու պատերազմի տեսարան բեմադրում, ինչը մեծերին հուզում էր, բայց չէին ընկճվում։ 

Հիմա Հասմիկը 6 տղայի և երկու աղջկա մայր է։ Նախ երկու տղա է ունեցել, հետո երկու աղջիկ, սակայն երկու սեռերի երեխաների հավասար քանակը չեն տրամադրել Հասմիկին բավարարվել, ու ևս 2 որդի է լույս աշխարհ բերել: «Իմ երկու քույրերն էլ են բազմազավակ մայրեր՝ մեկը 6 երեխա ունի, մյուսը՝ 7։ Մունք աբորտ ընդունում չենք, ոնց կարա մարդ իր երեխուն սպանի», -ասաց նա ու կրկին հիշեց Արցախը. «Ապրելը հեշտ էր այնտեղ, տանից դուրս էինք գալիս, գնում էինք Ստեփանակերտ, բայց դուռը նույնիսկ բանալիով չէինք փակում, դարպասի փոքր փականն էինք գցում, որ իմանան տունը մարդ չկա։ Հունի մեջ ընկած ապրում էինք, բայց չթողեցին, որ մենք ապրենք»։ 

Ծնունդով Արցախցի մեր զրուցակիցը փոքր տարիքից է պատերազմի ականատես եղել. Արցախի Ջրաբերդից տեղահանվել է, որովհետև 1992թ. գյուղը մնացել է Ադրբեջանի տիրապետության տակ: Հասմիկը հերթական անգամ տեղահանվելուց չի վախենում, բայց ուզում է երեխաները մեծանան Հայաստանում:

Հասմիկ Ղարիբյանը 2023թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում փոխել է Ղարաբաղում ստացած իր անձնագիրն ու ստացել ՀՀ քաղաքացիություն, թեպետ, սկզբում տրամադրվել էր պարզապես ժամանակավոր հաշվառվել Էջմիածնում․ «Էջմիածնի անձնագրային բաժանմունքում աշխատակիցներն ասացին՝ ղարաբաղցիների համար 2024թ. դեկտեմբերից էլ փախստականի կարգավիճակ չի լնելու, կամ պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն, կամ հետ գնան Ղարաբաղ, բայց ես Ղարաբաղ ոտք դնողը չեմ՝ թուրքի հետ ապրողը չեմ, ուզում է ինձ միլիարդների ու ոսկիների մեջ պահեն»։ 

ՀՀ կառավարությունը ներկայում քննարկում է տեղահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը, նախնական քննարկումներով` մեկ անձին 3մլն դրամ են հատկացնելու բնակարան գնելու համար։ Հասմիկ Ղարիբյանը, սակայն, մտավախություն ունի, որ իրեն ու երեխաներին 2023թ սեպտեմբերից՝ նախքան պատերազմը, ՀՀ քաղաքացիություն է տրվել, և միայն ամուսինն ունի փախստականի կարգավիճակ, ու եթե երեխաներին չհատկացնեն նախատեսվող 3մլն դրամները, Հայաստանում տանիք ունենալու հավերժ խնդրի առաջ կկանգնեն: 

«Ես բնիկ ղարաբաղցի եմ, ապուպապերս էլ են ղարաբաղցի, Ղարաբաղը եթե չհայաթափվեր, մենք հիմա այնտեղ` մեր հողի վրա, կլինեինք: Հիմա բնակարան գնելու համար եթե գումար տան, երեխաներիս գոնե պետք է հասնի այդ գումարը: Ամուսինս արդեն վատառողջ է, բայց հաշմանդամության երրորդ կարգ էլ չկա, որ թոշակ ստանա` կերակրափողն է վիրահատել, լյարդի ցիռոզ ունի»,- ասաց նա:   

Նրա 8 հոգուց կազմված ընտանիքը ներկայում վարձով է բնակվում Էջմիածնում, ոչ բարվոք տան համար 100 000 դրամ սահմանված վարձը բարեկամների օգնությամբ են կարողանում տալ, մինչև ե՞րբ, չգիտեն, բայց եթե կառավարության աջակցությամբ իրենց բազմանդամ ընտանիքի համար 2 սենյակ էլ կարողանան գնել, գոհ կլինեն։