Սյունիքի մարզպետի «քաղքենի հաճույքները»

Սյունիքի մարզպետի «քաղքենի հաճույքները»

Նախորդ տարի Սյունիքի մարզպետ նշանակված Ռոբերտ Ղուկասյանին հայրենի մարզում էլ չեն հանդուրժում։ Սյունեցիները բողոքում են, թե Կալավանի նախկին գյուղապետը, որը եղել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականը, «քաղքենի հաճույքներին է» իրեն տվել։ 

MediaHub-ի սյունեցի աղբյուրների փոխանցմամբ՝ նախկինների բարքերով ապրող Ղուկասյանը շռայլությունները փորձում է Փաշինյանի աչքից հեռու, Փաշինյանից թաքուն անել, որ լավ ու ազնիվ համբավով հիշվի վարչապետի մոտ։ Եվ գուցե այդ «ազնիվ համբավն» է պատճառը, որ Փաշինյանն ուզում է վերջինիս ավելի մոտ պաշտոնում տեսնել․ վերջին օրերին մամուլը գրում է, թե դիտարկվում է Ղուկասյանին՝ ՏԿԵ նախարար նշանակվելու հարցը։ 

Բայց, ասում են մեր աղբյուրները, Փաշինյանը գուցե չգիտի, որ Ղուկասյանը, օրինակ, անշարժ գույք է ձեռք բերել, որը չի հայտարարագրել և վարում է 27 հազար և 60 հազար դոլար արժողությամբ մեքենաներ։ Սյունեցիների զայրույթն ավելի շատ մեքենաների համարանիշներն են հարուցել, որոնք ցուցամոլության վկայությունն են համարում․ 05 MS 005 և 05 SM 005, երկու համարանիշները միասին 2 մլն դրամ են կազմում։ Մարզպետն այդ մեքենաները գրանցել է հոր՝ Վլադիմիր Գրիգորի Ղուկասյանի և եղբոր՝ Հովիկ Վլադիմիրի Ղուկասյանի անունով։ 

Հատկանշականն այն է, որ Ղուկասյանը նախորդ տարի որպես եկամուտ հայտարարագրել է 18,1 մլն դրամ, որից 9,5 միլիոն դրամը մարզպետի աշխատավարձն է։ 6,5 միլիոն դրամը վարչապետի խորհրդականի պաշտոնում ստացած աշխատավարձն է, իսկ մնացած 2 միլիոնը ձևակերպված է որպես այլ եկամուտ Պետական եկամուտների կոմիտեից։

Մյուս կողմից, երևի թե չբացառենք, որ հենց նման շռայլություններն են դարձել պատճառը, որ Փաշինյանը որոշել է ավելի իրեն մոտեցնել Ղուկասյանին, ավելի վերահսկելի դարձնել նրան: Կամ՝ այդ յուղոտ պաշտոնին նշանակել մեկ այլ ՔՊ-ականի՝ արագ հարստանալու համար: Ի վերջո այն, որ Ղուկասյանն ընդունված չէ ՔՊ-ականների կողմից, վաղուց է խոսվում և Սյունիքից ՔՊ-ական պատգամավորները վաղուց նրա դեմ անթաքույց պայքար են տանում:

Տեսնենք՝ մամուլը այս անգամ էլ ճիշտ դուրս կգա և մեր Կառավարությունը կհամալրվի ևս մեկով, ով այս իշխանության շնորհիվ կայծակնային արագությամբ հարստացել է: