Ամենալեգիտիմն էիք, բա լուծեիք, պարո՛ն Փաշինյան․ Ագնեսա Խամոյան
Մենք ամեն հաջորդ օր մոռանում ենք նախորդը, մոռանում ենք այս իշխանությունների վտանգավոր հայտարարությունները։ Այսօր ԱԺ-ում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նրա խոսքով՝ հինգ տարի է՝ այս իշխանությունները նախորդ 25 տարիների բանակցային գործընթացից են խոսում, բայց ոչինչ չեն խոսում իրենց արածի մասին։
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ինչո՞ւ Արցախի ճակատագիրը նախորդ 25 տարիներին չեն որոշել, որ մի բան էլ թողել են իր ուսերին։ Բա դուք ինչո՞ւ չեք որոշել։ Դուք ամենալեգիտիմ իշխանությունն էիք, դուք հայտարարում էիք, որ լեգիտիմ եք։ Բա լուծեիք, պարո՛ն Փաշինյան. բայց դուք չեք լուծել Արցախի հարցը։ Դուք երկու տարի շարունակ, թաքցրել եք հայ ժողովրդից, թե ինչ եք բանակցում»,- նկատեց պատգամավորը։
Ագնեսա Խամոյանը հիշեցրեց, որ Փաշինյանն ասում էր՝ 2018 թվականին, բազմաթիվ դժվարություններով եկել է իշխանության ու տեսել, որ Արցախի հարցով «խաղն ավարտված է»։
«Բայց դուք ժողովրդին ոչ թե ներկայացրիք այդ ամենը, այլ երկու տարվա ընթացքում ավելի բորբոքեցիք կրակը։ Դուք եկաք ու իմացաք, որ Արցախի հարցով ամեն ինչ կորած է, բայց 2019-ին հայտարարեցիք՝ Արցախը Հայաստան է և վերջ»,- հիշեցրեց Խամոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։