Տապալված Փաշինյանի ինքնախոստովանությունը

Տապալված Փաշինյանի ինքնախոստովանությունը

«Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին», - Գավառում, կուսակիցների առջև ելույթ ունենալով, շաբաթ օրը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով, որ ամենաբարձր մակարդակով Ադրբեջանից հնչող հայտարարությունները հակասում են ձեռք բերված պայմանավորվածություններին։

«Առաջին տպավարություն այն է, որ, ի հեճուկս այս պայմանավորվածությունների, Ադրբեջանը փորձում է տարածքային պահանջներ գեներացնել Հայաստանի նկատմամբ, ինչն անընդունելի է», - ասել է վարչապետը։
Հիմա գանք քաղաքական պատասխանատվության սկզբունքին:

2018-ի հեղափոխությունից հետո, երբ Փաշինյանի վարկանիշը բարձունքի վրա էր ու նա պատշաճ էր համարում իր համեմատությունը բացառապես Տիգրան Մեծի հետ, դարձավ պատերազմի հրձիգ (առնվազն դրան նպաստող) և անխուսափելի դարձած պատերազմում դաժան պարտության տարավ երկիրը:
Դրանից հետո Փաշինյանը պարտավոր էր հեռանալ՝ արտահերթ ընտրություններ բեմականացնելու փոխարեն:

Բայց նա «Տիգրան Մեծից» շատ արագ տրանսֆորմացվեց «Խաղաղության դարաշրջանի» մունետիկի, իրականում դարձավ մի պրովինցիալ հակառուս, որը վերջում «ինքնիշխանականության» մնացորդները հենց Մոսկվայի երախն էլ շպրտելու է՝ անձնական անվտանգության երաշխիքների դիմաց:
Երկու օր առաջ Փաշինյանը խոստովանեց, որ «Խաղաղության դարաշրջանի» օրակարգն ավելի «շռնդալից» է ձախողել, քան նույնիսկ «Տիգրան Մեծի» կերպարը:

Եթե նա քաղաքական պատասխանատվություն ունենար, անշուշտ՝ կհեռանար, կնախաձեռներ արտահերթ ընտրություններ՝ առանց իր մասնակցության: Սակայն Փաշինյանն այդ տեսակը չէ ու շարունակում է ինքաարդարացումների, մանիպուլյացիաների շարքը:

Անդրադառնալով Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ Փաշինյանն ասել է. «Ով «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն կգտնի այդ հայտարարության մեջ, խոստանում եմ դրամական պարգև: Ընդ որում, Ադրբեջանն ասում է՝ մենք ուզում ենք անխոչընդոտ տեղաշարժ։ Մենք դեմ չենք անխոչընդոտ տեղաշարժին, բայց անխոչընդոտ տեղաշարժը չի նշանակում օրենսդրության շրջանցմամբ տեղաշարժ»:
Ուրեմն, Փաշինյանն այլևս ավելի լուրջ ալիբի չունի, ընկել է բառախաղի հետևից, թե բա ով «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն կգտնի այդ հայտարարության մեջ, խոստանում եմ դրամական պարգև:

Ինձ մոտ տպավորություն է, որ նա չի էլ գիտակցել, թե Նոյեմբերի 9-ին ինչ է ստորագրում կամ էլ հետո՝ դրա 9-րդ կետից հրաժարվելու «մուտիտների» արանքում լրիվ խճճվել է:

Եռակողմ հայտարարության 9-րդ կետում ասված է. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:

Փաշինյանն այսպիսով ոչ մի առարկայական պատասխան չտվեց Ալիևին, բացի հերթական անգամ ակնհայտ ստելուց: «Անխոչընդոտ տեղաշարժ» տերմինն էլ, որ առկա է Եռակողմ հայտարարության մեջ, նույնացրեց երկրի ներսում մեր տեղաշարժի հետ: Երևի ուզում է շնորհակալ լինենք, որ այնպիսի փաստաթուղթ է ստորագրել, որ գոնե Հայաստանի քաղաքացիների անխոչընդոտ տեղաշարժն իրենց երկրի ներսում երրորդ երկրի կողմից չի վերահսկվում: Կամ էլ՝ բոլորիս վարժեցնում է այն մտքի հետ, որ շուտով ադրբեջանցիներն էլ են Հայաստանում մեր պես «անխոչընդոտ տեղաշարժվելու»:

Սակայն Գավառում Փաշինյանն ավելի վտանգավոր միտք է արտահայտել:

Հիշեցնելով, որ Ադրբեջանը մերժել է զորքերը հայելային հետ քաշելու, սահմանային շրջանները ապառազմականացնելու Հայաստանի առաջարկները, Փաշինյանը նոր առաջարկ արեց՝ կնքել պայմանագիր սպառազինությունների վերահսկման վերաբերյալ։

«Հայաստանն ու Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայամանվորվածություններ ձեռք բերեն և մեկը մյուսին այդ պայմանավորվածությունների կատարումը վերհսկելու հնարավորությույն ունեն», - ասել է գործադիրի ղեկավարը։

Սա էլ անօգնական հավաստիացում է Ալիևին առ այն, որ Հայաստանը սպառազինվելու կամ ուժային դիսբալանսը փոխելու ցանկություն չունի: Սա է Փաշինյանի պատկերացումը խաղաղության մասին: Չզարմանաք, որ այս կետին Ալիևի «հայելային» պատասխանը դառնա պահանջը, որպեսզի պայմանագրով արձանագրվեն ՀՀ ԶՈւ առավելագույն թվաքանակը կամ սպառազինության թույլատրելի տեսակները: Անգամ չեմ բացառում, որ Փաշինյանն որպես իր առաջարկություն փաթեթավորեց ՀՀ ԶՈւ զարգացումը զսպող Ալիևի պահանջը:

Այսպիսի ծանր ինքնախոստովանություն արեց ամեն ինչ ձախողված Փաշինյանը:

Վահրամ Բագրատյան