Ադրբեջանը պատրաստվում է 2025 թ-ի պատերազմին, իսկ այս տարի հարձակում կլինի Սյունիքի վրա․ Հոխիկյան

Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում են պատերազմի։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց լրագրող, հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանը։

«Ադրբեջանը շատ արագ Արցախի շուրջը օղակաձև ճանապարհներ է կառուցում։ 30-ից ավելի թունելներ են կառուցում, կամուրջներ, հսկայական ճանապարհներ՝ լայնությունը 10 մետր և ավելի, 40 մետրանոց լայնությամբ ճանապարհներ էլ կան։ Դրանք բոլորը ռազմական նպատակներով են կառուցվում։ Բոլորի կառուցման վերջնաժամկետ նշված է 2025 թ-ի ամառ, իսկ 2025 թ-ի աշնանը ավարտվում է ռուս խաղաղապահների առաքելության ժամկետը Արցախում»,-ասաց նա։

Նաիրի Հոխիկյանի խոսքով՝ Ադրբեջանը հիմա էլ ասում է, որ ռուս խաղաղապահները չպիտի լինեն Արցախում, բայց իրենց ախորժակը միայն Արցախով չի սահմանափակվում։

«Բոլոր ճանապարհները բերում են դեպի Սյունիք և Նախիջևանի կողմից, և Ադրբեջանի կողմից, որ մտնում է Արցախի հարավային շրջաններով, ճանապարհ են կառուցում, որը դուրս է գալիս Սյունիքի Գորիս-Կապան ավտոճանապարհի վրա։ Ադրբեջանը տանկերի և խոշոր զրահատեխնիկայի համար ճանապարհներ է կառուցում 2025 թ-ի պատերազմին ընդառաջ»։

Նաիրի Հոխիկյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի ռազմավարական նպատակն է` 2025 թ-ին պատերազմ սկսելը, իսկ մարտավարական նպատակը` այս տարի Սյունիքի մի մասի վրա հարձակվելն է։

Մանրամասները` տեսանյութում։

Անի Գևորգյան