Այնպիսի փոսի մեջ ենք, որ դրանից դուրս գալը շատ ավելի դժվար է լինելու. արքեպիսկոպոս Աջապահյան

Կարծում էի, որ ավելի շատ կխոսեն այն մասին, թե ինչու է փակվել Բերձորի միջանցքը և ինչպես պետք է բացվի, բայց ինչպես ասվեց՝ Բերձորի միջանցքի փակվելը մեր ընդհանուր դժբախտության մեկ բաղադրիչն է։

Այս մասին այսօր ԱԺ-ում ընդդիմության հրավիրած լսումների ընթացքում ասաց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Ես լրջագույն ինֆորմացիայի պակաս ունեմ, որպեսզի հասկանանք, թե որտեղ ենք մենք։ Այսօր, երբ ես ուզում եմ գնալ Արցախ, ինձ ադրբեջանցին կամ ռուսը չի կանգնեցնում, ինձ կանգնեցնում է հայ զինվորը, ասում է՝ չես կարող գնալ: Ուրեմն ո՞վ է փակել ճանապարհը. այս ամենը կատարվում է այս իշխանության թույլտվությամբ և լրջագույն կասկածներ ունեմ՝ համաձայնությամբ, թաքուն համաձայնություն եմ տեսնում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև»,-ասաց նա։

Սրբազանը նշեց՝ իշխանությունների քննադատության մեջ անթաքույց է եղել և շարունակելու է լինել։ 

«Բայց չեմ էլ կիսում այն ծայրահեղ առավելապաշտական քարոզները, թե այս իշխանության հեռացումից հետո ամեն ինչ լավ է լինելու, ո՛չ, ամեն ինչ շատ ավելի վատ է լինելու, որովհետև այնպիսի փոսի մեջ ենք, որ այդ տեսակ փոսից դուրս գալը պրագմատիկ եղանակով շատ ավելի դժվար է լինելու»։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում լսումներ են՝ նվիրված  Լաչինի միջանցքի հարցին։ 

Մանրամասները՝ տեսանյութում: