Ղարաբաղը հանձնենք, որ «Սերգո ջանը» լավ ապրի. սա է այս իշխանության օրակարգը, որին մենք դեմ ենք․ Թևանյան

Հումանիտար, անվտանգային լուրջ ճգնաժամ ունենք։ Այդ մասին այսօր ընդդիմության հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

Նա հիշեցրեց՝ այժմ մի վիճակում ենք, երբ Լաչինի միջանցքը փակ է, իսկ դա իշխանությունների գործուն միջամտությամբ դարձել է զուտ լրահոսային վերնագիր։

«Իշխանությունը ջանք չի խնայում, որ այս հանգամանքը զուտ տեքստ լինի, այսինքն՝ մարդիկ զգան, թե դա իրենց հետ կապ չունի»,- նշեց Թևանյանը։

Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Արցախի ինքնորոշման իրավունքի հետապնդումը պետք է լինի ՀՀ իշխանությունների քաղաքական օրակարգում։

«Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Եվ մենք կարծում ենք, որ ՀՀ-ն պետք է տեր կանգնի Արցախի անվտանգության հարցերին։ Այս մասով է, որ իշխանությունը մեզ հետ համաձայն չէ»,- նշեց պատգամավորը։

Նա մանրամասնեց, թե ինչ տարաձայնություն ունեն իրենք ՀՀ գործող իշխանության հետ։ Այսպես, ըստ Թևանյանի, ՀՀ իշխանությունները Արցախը դիտարկում են Ադրբեջանի մաս, իսկ իրենք՝ ոչ։

«Իրենք կարծում են, որ Արցախի ինքնորոշման հարց չպետք է լինի ՀՀ օրակարգում, մենք՝ ոչ։ ՀՀ իշխանությունները հրաժարվում են այն կարևոր հանձնառությունից, որը նախատեսված է մեր օրենսդրությամբ, իսկ մենք դրան դեմ ենք։ Ղարաբաղը հանձնենք, որ «Սերգո ջանը» լավ ապրի. սա է այս իշխանության օրակարգը»,- նշեց Թևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։