Եկավ գողեգող. Քրիստինե Դումանյանն այս պահին Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում է

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար դառնալուն հավակնող Քրիստինե Դումանյանն այս պահին դպրոցում է։ MediaHub-ի տեղեկություններով՝ նա առավոտյան իր այցը չեղարկել էր՝ խուսափելով տեղում հավաքված ծնողներին ու լրագրողներին առերեսվելուց։
«Եկավ գողեգող, որ ոչ դպրոցում մարդ լինի, ոչ էլ դրսում լրագրող»,- փոխանցեց մեր աղբյուրը:
Հիշեցնենք, որ դպրոցն ունի տնօրենի ԺՊ, որն առողջական խնդիրների պատճառով այս օրերին աշխատանքի չի ներկայանում։
Դպրոցի ուսուցիչների համար անընդունելի է նման վարվելակերպը, նրանք չեն ուզում անծանոթ մարդ գա ու կոլեկտիվում փոփոխություններ մտցնի։ Իրենք պնդում են՝ ունեն իրենց թեկնածուն, որին հարգում և ընդունում են։
Մեր տեղեկություններով՝ այս ամենը չի հուզում որևէ մեկին, քանի որ Դումանյանը, ըստ լուրերի, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախընտրած թեկնածուն է։
Նարե Գնունի