Մի՛ բզբզացեք, որ մյուս գերիներն էլ վերադառնան․ Գագիկ Մելքոնյան

Մի՛ բզբզացեք, որ մյուս գերիներն էլ վերադառնան․ Գագիկ Մելքոնյան

Այս պահին իշխանությունը շարունակում է մյուս գերիներին վերադարձնելու աշխատանքները։ Անհրաժեշտ գործողություններն իրականացվում են, բանակցություններ են գնում, որ մնացածին էլ բերենք։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

«Երկուստեք հայտարարություն եղավ, չէ՞, ուրեմն այդ մարդիկ էլ բանակցություններ են տանում՝ Կառավարության մակարդակով»,- ասաց պատգամավորը՝ պատասխանելով այն հարցին, թե կոնկրետ ովքեր են բանակցում։

Հարցին՝ կոնկրետ քանի հայ գերի է պահվում Ադրբեջանում, վերջինս պատասխանեց, որ տեղյակ չէ։ 

Դիտարկմանը՝ համարժե՞ք էր ՀՀ-ում մարդ սպանած ադրբեջանցի զինծառայողին, ով ցմահ ազատազրկման էր դատապարտվել, Ադրբեջան վերադարձնելը, վերջինս արձագանքեց․
«Հիմա բզբզում եք՝ համարժեք էր, համարժեք չէր։ Հիմա 32-ին բերել ենք, 2-ին էլ փոխարենը տվել ենք, թողե՛ք, էդ մարդիկ հանգիստ մնան։ Շատ մի՛ բզբզացեք, որ մյուս գերիներն էլ վերադառնան»։

MediaHub-ը Մելքոնյանին փոխանցեց ԶՊՄԿ սպանված պահնորդի որդու բողոքը, որ ադրբեջանցին իր հորն է սպանել, բայց այսօր որպես գերի վերադարձվել է Ադրբեջանին, սակայն պատգամավորը հորդորեց՝ ընթացող բանակցություններին խառնվել պետք չէ։ 

«Հանգի՛ստ եղեք, ամեն ինչ իր հունով ընթանում է։ Գերիների մեջ հարազատ ու ծանոթ չունեմ, բայց պատրաստվում ենք հանդիպել իրենց, հետո, բայց ոչ հիմա, թող հիմա հասնեն իրենց տներ»։

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողների և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայողի։ Նրանք ՀՀ-ում են, երեկ անցել են  նախնական բժշկական զննություն և հանդիպել  իրենց հարազատներին։ 

Լիաննա Թորոսյան