«Մեկ ամբողջ օրը նման էր մեկ տարվա». ընտանիքի 9 անդամ էթնիկ զտումից փրկվեց որդու հնարամտության շնորհիվ

«Մեկ ամբողջ օրը նման էր մեկ տարվա». ընտանիքի 9 անդամ էթնիկ զտումից փրկվեց որդու հնարամտության շնորհիվ

Ավագ Իշխանյանի բազմանդամ ընտանիքն ապրում էր Ասկերանի շրջանի Շոշ գյուղում։ 2020 թվականից հետո Շոշն առաջնագիծ էր։ 

Դիմահայաց բարձունքում Շուշին էր, հարակից բլուրների վրա՝ ադրբեջանական դիրքերը։ Շոշում լուսաբացը սկսվում էր ադրբեջանական մուղամներով, Շուշիից լսվում էր անգամ նրանց նամազի ձայնը։ Հաճախ դրանք ընդհատվում էին կրակոցներով։ Քանի անգամ են փափմուշտի գնդակները հայտնվել գյուղի տանիքներին, վախեցրել տեղացիներին, այստեղ չեն հիշում։ 

MediaHub-ի զրուցակիցը պատմում է մեկ օրվա մեջ իր ընտանիքի հետ կատարվածը։ 

«Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների ժամանակ, հրետակոծության տակ հայտնված գյուղում խուճապ էր։ Մարդիկ անգամ չէին կարողանում գլուխները հանել նկուղներից, կրակոցների ձայները չէին դադարում։ Երեկոյան Շոշն ընկավ, ադրբեջանցիներն արդեն գյուղի մատույցներում էին։ Համայնքի ղեկավարի հրահանգով փորձեցին տարհանում կազմակերպել։ Բայց թիրախի տակ էր նաև ճանապարհը։ Դրա համար շատերը ոտքով փորձեցին անցնել ձորը, առանց տնից մի բան վերցնելու, ձեռնունայն»,- պատմում է Ավագը։ 

Ինքը Շոշում էր դեռ, համագյուղացի մյուս տղամարդկանց հետ օգնում էր բոլորին ինչով կարող էր։ Իսկ բազմանդամ ընտանիքը որդու՝ 25-ամյա Ալեքսանդրի մեքենայով դուրս էր եկել։ Այդ ընթացքում Ավագը չի կարողացել կապ հաստատել ընտանիքի հետ, մտածել է, որ արդեն Ստեփանակերտում են։

«Երբ արդեն ադրբեջանցիները մտել են գյուղ, մենք դեռ այդտեղ էինք։ Հրազենային զենքի կրակոցների ձայները շատ մոտ էին։ Հավանաբար խուճապ առաջացնելու համար վերևի թաղամասերում տուն էին վառել։ Մենք դուրս եկանք։ Պատմելու բան չէ, թե ինչպես հասա Ստեփանակերտ, սակայն, ոչ մի տեղ չգտա ընտանիքս։ Ամենաշատը մտածում էի 2 ամսական թոռնիկիս մասին»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Ամբողջ գիշեր Ավագը աչք չի փակել, փնտրել է ընտանիքին, հարցրել փրկված համագյուղացիներից, բայց ապարդյուն։ Պարզել է, որ կիսված ընտանիքներ շատ կան, մի մասը չի հասցրել տարհանվել։ 

«Ուշ գիշերին ասացին, որ Շոշից, հարևան Մխիթարաշեն գյուղից էլի մարդիկ կան, ովքեր մնացել են Շոշ-Ստեփանակերտ ճանապարհի կամրջի տարածքում։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ի կրակի դադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունից հետո, դիմել եմ փրկարարների օգնությանը, խնդրել որքան հնարավոր է արագ փրկել ընտանիքս, հայրենակիցներիս»,- հիշում է Ավագը։ Ընդգծում է, որ չնայած այդտեղ նաև ռուս խաղաղապահներն էին տեղակայված, չեզոք դիրք էին ընդունել, վախ կար, որ հարազատներին այլևս չի տեսնի։ 

Ավագի որդին՝ Ալեքսանդրը, մեքենան կայանել էր այդ տարածքում, քանի որ ճանապարհին անընդհատ կրակում էին, ամբողջ ընտանիքի, այդ թվում իր մանկահասակ երեխայի կյանքի փրկությունն իր վրա էր, առաջ գնալը՝ չափազանց ռիսկային։ Հոգ է տարել բոլորի մասին, հուսադրել։

Ալեքսանդրն այդ ընթացքում ձորից դուրս է բերել ևս 2 աշխարհազորայինի, ովքեր վիրավորում էին ստացել և արնաքամ էին լինում։ 

«Մեր կողմից կապ են հաստատել, ադրբեջանական կողմի հետ պայմանավորվել, որ չկրակեն քաղաքացիական մեքենաների ուղղությամբ։ Պետնախարարը միջամտեց, որ ճանապարհը մաքրվի չպայթած զինատեսակներից ու սեպտեմբերի 20-ին, ժամը 17։00-ի սահմաններում ընտանիքս հասավ Ստեփանակերտ։ Իմ 9 հոգանոց ընտանիքի հետ փրկվեց ևս 36 մարդ, այդ թվում՝ 2 զինծառայող»,- ասում է արցախցին։ 

Մեր զրուցակիցը պատմում է, որ երբ ընտանիքը միավորվել է, ինքը չի կարողացել զսպել արդյունքները. «Մեկ ամբողջ օրը նման էր մեկ տարվա»։

Հունան Թադևոսյան