Հայտնի է Միքայել Արզումանյանի գործով առաջին վկան, ՔՊ-ում էլ են դժգոհ․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հրապարակ»-ի աղբյուրները հայտնում են, որ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ սեպտեմբերի սկզբին ՊՆ-ում տեղի ունեցած միջադեպից հետո Սուրեն Պապիկյանն անմիջապես աշխատանքից ազատել է վարչական համալիրի պահպանության ապահովման բաժնի պետ, գնդապետ Արման Մկրտչյանին եւ աշխատանքի ընդունել իր համակուրսեցուն՝ մայոր Լեւոն Անդրեասյանին։
Պարզվում է` Պապիկյանի նյարդերը տեղի են տվել այն բանից հետո, երբ գնդապետ Մկրտչյանը, այսպես ասած, հոգատար վերաբերմունք է ցուցաբերել ՊՆ-ի դիմաց շուրջ 3 օր նստացույց անող անհետ կորածների ծնողների նկատմամբ։ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած զինծառայողի մայրը՝ Հռիփսիմե Հակոբյանը, ով միջադեպի օրը ՊՆ-ում է եղել, վստահեցնում է՝ Պապիկյանը Մկրտչյանին հեռացրել է աշխատանքից իրեն եւ մեկ այլ ծնողի ներս թողնելու համար։
«Պապիկյանը միջադեպի օրը տեղում ազատեց Մկրտչյանին աշխատանքից։ Երբ արդեն իր մոտ էինք, չէինք ցանկանում սկսել ժողովը, պահանջում էինք նաեւ Մկրտչյանի ներկայությունը, սակայն Պապիկյանը հայտարարեց, որ արդեն ազատել է գործից։ Մենք 3 օր շարունակ նստացույց ենք արել, որ Պապիկյանը մեզ ընդունի։ Մենք նրան ասել ենք, որ Մկրտչյանը շատ լավ մարդ է, բայց, փաստորեն, ապարդյուն»,- նշեց անհետ կորածի մայրը։ Տիկին Հռիփսիմեն մանրամասն պատմում է, թե ինչպիսի հարգանքի են արժանացել գնդապետ Մկրտչյանի կողմից։ Անհետ կորածի մայրը վստահեցնում է՝ այդ օրը հայհոյանքների արժանացած Պապիկյանին զայրացրել է Մկրտչյանի մարդկային վերաբերմունքն իրենց նկատմամբ։ Ասում է, որ նա իրեն պահել է արժանապատիվ սպայի պես՝ չվիրավորելով զինվորների ծնողների անձն ու արժանապատվությունը։
«Երբ ՊՆ անցագրայինում նստացույց անող ծնողները քաղցած էին, Մկրտչյանն ինձ թույլ տվեց հաց տանել, մինչդեռ հրաման կար՝ մեզ առհասարակ հեռացնել ՊՆ-ի տարածքից։ Ինձ եւ ծնողներից Կարինեին թույլ չէին տալիս ներս մտնել, Մկրտչյանն ասաց՝ ի՞նչ տարբերություն, նրանք էլ են անհետ կորածների ծնողներ, եւ մեզ ներս անցկացրեց»,- ասաց անհետ կորածի ծնողը։ Պապիկյանն իր մայոր համակուրսեցուն դեռեւս ամիսներ առաջ էր պատրաստել այդ պաշտոնին՝ մինչ այդ նրան նշանակելով վարչական համալիրի պահպանության ապահովման բաժնի պետի տեղակալ։ Լեւոն Անդրեասյանը, ում միակ առավելությունը Սուրեն Պապիկյանի համակուրսեցի լինելն է, պարզվում է՝ իշխանական գծի մեջ է՝ անցագրային կետում նվաստացնում ու անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում Արցախից եկած սպաների նկատմամբ, ովքեր օրեր շարունակ հերթ են կանգնում՝ աշխատանքի անցնելու համար։
Մանրամասները՝ շուտով։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով առաջին վկան հայտնի է. նա արդեն հրավիրվել է դատարան։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինս Պաշտպանության բանակի զինվորական Սերյոժա Իվանյանն է, մասնակցել է Շուշիի մարտերին։ Գրել էինք, որ Հակակոռուպցիոն դատարան են հրավիրվելու վկաները՝ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը եւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեն նախապես հաստատած վկաներից միայն չի հարցաքննի Արայիկ Հարությունյանին, քանի որ նա հակառակորդի կողմից գերեվարված է: Նշենք, որ Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Արցախի պատշպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկել է դատարան:
Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին Միքայել Արզումանյանը ձերբակալվել էր Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։ Ըստ ՔԿ-ի՝ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։
Օգոստոսի 31-ին Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել էր, նա ազատ էր արձակվել, սակայն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, եւ սեպտեմբերի 1-ին Արզումանյանը կալանավորվել է: Նշենք, որ Արզումանյանը ՊԲ հրամանատար նշանակվեց 44-օրյա պատերազմի վերջին փուլում՝ 2020թ. հոկտեմբերի 27-ին` փոխարինելով Ջալալ Հարությունյանին. նա պաշտոնից ազատվեց 2021թ. սեպտեմբերին։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ հայտնի դարձավ, որ քաղբանտարկյալների շարքերը համալրել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել «բռնության կոչեր» տարածելու հոդվածով, եւ անմիջապես էլ դատարանը բավարարել է կալանքի միջնորդությունը` մեկ ամսով արգելանքի տակ վերցնելով հունիսի 8-ին իր ֆեյսբուքյան էջում մեկ տողանոց գրառում արած անձին։
Բայց պարզվում է՝ Ախոյանի դեմ նույն հոդվածով եւս մեկ քրեական գործ կա հարուցված, որը դատաքննության փուլում է` դատարան է մտել 2022 թվականին:
Ըստ մեղադրական եզրակացության. «Արագած Անդրուշի Ախոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թ. ապրիլի 24-ին Երեւան քաղաքի Վրացյան 90 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի դիմաց Ռոման Վալերիի Բաղդասարյանի եւ այլ ակտիվիստների նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է հնչեցրել եւ բռնություն գործադրելը հրապարակայնորեն արդարացրել»։ Նշենք, որ Ռոման Բաղդասարյանը գործող իշխանության կարկառուն քարոզիչներից է ու Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագուն։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ կան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անտուն մի շարք պատգամավորներ, որոնք, մանդատին զուգահեռ, տան տեր են դարձել։ Այժմ ներկայացնում ենք ցանկ, թե ՔՊ-ականների կանայք եւ ամուսինները որտեղ են տեղավորվել աշխատանքի հեղափոխությունից հետո։
Էդուարդ Աղաջանյանի կինը՝ Վիկտորյա Այդինյանը, զբաղեցնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խորհրդականի պաշտոնը։
Սիսակ Գաբրիելյանի կինը՝ Անի Բաղդասարյանը, Հանրային հեռուստաընկերությունում զբաղեցնում է խմբագրի հաստիքը։
Վիլեն Գաբրիելյանի կինը՝ Նարինա Առքելովան, զբաղեցնում է Միասնական սոցիալական ծառայության ավագ մասնագետի պաշտոնը։
Տաթեւիկ Շահումյանի ամուսինը՝ Արսեն Մխիթարյանը, զբաղեցնում է Ազգային անվտանգության ծառայության ավագ ինժեների պաշտոնը։
Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը՝ Դավիթ Կարապետյանը, զբաղեցնում է ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդականի պաշտոնը։
Նարեկ Գրիգորյանի կինը՝ Մարիետա Նիկոյանը, աշխատում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի առաջատար մասնագետի պաշտոնում։
Արման Եղոյանի քույրը՝ Աննա Եղոյանը, աշխատում է «ՀայԷկոնոմԲանկ»-ում որպես միջին եւ փոքր վարկերի տրամադրման բաժնի գլխավոր մասնագետ։
Բաբկեն Թունյանի կինը՝ Քնարիկ Իսոյանը, աշխատում է Կադաստրի կոմիտեում։
Արմեն Խաչատրյանի կինը՝ Մարիամ Մինասյանը, հանդիսանում է Երեւանի պետական հումանիտար քոլեջի տնօրենը։ Որդին՝ էդուարդ Խաչատրյանը, ՀՀ ԱԺ փորձագիտական վարչության պետաիրավական փորձաքննությունների բաժնի փորձագետ է։
Շիրակ Թորոսյանի դուստրը՝ Արեւիկ Թորոսյանը, ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության փորձագետ է։
Սոնա Ղազարյանի ամուսինը՝ Դավիթ Բանուչյանը, Հանրային հեռուստաընկերությունում զբաղեցնում է ֆիլմարտադրության պատասխանատուի պաշտոնը։
Արուսյակ Մանավազյանի ամուսինը՝ Արման Բուդաղյանը, զբաղեցնում է «Կանաչապատում եւ շրջական միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը։
Այսպես, հեղափոխությունը դրական դինամիկա է ապահովել ՔՊ-ականների համար, սակայն Նիկոլ Փաշինյանը շարունակում է «պոզով պոչով» կոռուպցիոներներին փնտրել իրենից շառավղով հեռու անձանց շրջանում։ Ստացվում է, որ նախկիններին «խնամի-ծանոթ-բարեկամ» տարբերակով մարդկանց աշխատանքի տեղավորելու համար մեղադրող ներկաները ոչնչով չեն տարբերվում նրանցից։ Նրանք թերեւս ավելի լկտի են:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց նախագիծը կրքեր է բորբոքել նաեւ ՔՊ-ի ներսում։ Խմբակցության աղբյուրներից տեղեկացանք՝ եթե նախագիծը նախնական տեսքով ընդգրկվի նիստերի օրակարգ, ապա ՔՊ-ական պատգամավորի քննադատները լինելու են նախեւառաջ «տնից»։
Խոսքը, հիշեցնենք, այն նախագծի մասին է, որով պատգամավորն առաջարկում է վճարել 15 մլն դրամ եւ ընդհանրապես ազատվել զինվորական ծառայությունից։ Իհարկե, գնային ճկուն սանդղակ էլ է առաջարկում՝ մի քանի ամսվա ծառայության դիմաց տարբեր գներ, սակայն թիմում կարծում են, որ բոլորը կօգտվեն ընդհանրապես չծառայելու հնարավորությունից: Նախ՝ կլքեն հայրենիքը, հետո էլ կգան` փողով զինգույկ կառնեն, եւ բանակը կվերանա, հայ ժողովուրդը` նույնպես։
Մեզ ասացին, որ ՔՊ-ում մտադիր են նախագիծը քննարկել խմբակցության նիստում, ու հնարավոր է արմատական փոփոխություններից հետո միայն մտնի նիստերի օրակարգ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՔՊ-ական նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, որը 2022 թվականին նշանակվել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ, ունեցվածք դիզելով, նոր մեքենաներ է ձեռք բերել։
Բաբայանը, երբ նոր էր նշանակվել փոխմարզպետի պաշտոնում, վարում էր TOYOTA VITZ մակնիշի փոքրիկ մեքենա, այժմ նա աշխատանքի է գնում Toyota Land Cruiser 300 մակնիշի ավտոմեքենայով, որն արժե մոտ 150 հազար ԱՄՆ դոլար։ Մեքենայի համարանիշները ոչ պակաս թանկարժեք են՝ 01OJ 001. այն արժե գրեթե 3 մլն դրամից ավելի։ Նիկոլ Փաշինյանի սիրելին դառնալով՝ Բաբայանը կարիերայի մեծ աճ գրանցեց։ Նաեւ կինն է Toyota Camry մակնիշի ավտոմեքենա վարում, որի արժեքը մոտավոր 40 հազար ԱՄՆ դոլար արժե:
Հիշեցնենք նաեւ, որ, բացի փոխմարզպետ եղած ժամանակ կուտակած ֆինանսական միջոցներից եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից ստացված եկամուտներից, Բաբայանը եկամուտներ ստանում է նաեւ «Նար-Ար» անվանումով ընկերությունից։ Սյունիքի մարզում կատարվող մեծ ծավալի բոլոր աշխատանքները, որոնք կապված են եղել կոմբինատի ֆինանսավորման հետ, իրականացրել է Բաբայանը իր եւ մտերիմների ընկերությունների միջոցով. օրինակ՝ նա բացել է «Նար-Ար» (Նարեկ-Արման ընկերների) անվանումով ճանապարհաշինարարական ընկերությունը՝ հայտարարված մրցույթներին մասնակցելու եւ շահելու նպատակով:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արցախի քաղաքական դաշտի ներկայացուցիչները խոստանում են առաջիկա օրերին երկրորդ «ցնցումը» պատճառել Հայաստանի իշխանություններին։ Առաջինը եղավ օրերս, երբ Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից հայտնեցին, որ Եկեղեցու հոգեւոր խորհուրդը որոշել է պահպանել Արցախի թեմը՝ գործառույթների որոշակի փոփոխությամբ: «Սա կնշանակի, որ մենք մեր սրտում նորից Արցախ վերադառնալու երազանք կունենանք»,- հայտարարել է Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Եկեղեցու քայլը պետք է դիտարկել ոչ միայն հոգեւոր տեսանկյունից, այլեւ սա մի որոշում է, որն առնվազն խոչընդոտելու է իշխանությունների ծրագրերին՝ ադրբեջանական սցենարով վերջնականապես փակել Արցախի հարցը:
Պատահական չէ, որ այդ հայտարարությունից անմիջապես հետո ակտիվացան իշխանամերձ շրջանակները եւ սկսեցին հայտարարել, թե Արցախի պետական ինստիտուտները չեն կարող շարունակել իրենց գործունեությունը Հայաստանի տարածքում, քանի որ դրանով կսպառնան ՀՀ անվտանգությանը։ Իշխանության բուն ներկայացուցիչները դեռեւս խորամանկորեն լռում են՝ իրենց փոխարեն ասպարեզ նետելով իշխանության կցորդներին, որոնք չեն վախենում Արցախի թշնամի հռչակվելուց։
Երկրորդ հարվածը, ըստ ամենայնի, լինելու է Արցախի խորհրդարանի կողմից։ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով բռնի տեղահանված պատգամավորներն Արցախի ԱԺ նիստ հրավիրելու վերաբերյալ քննարկումներ են սկսել, որոնք այս շաբաթվա ընթացքում կարող են միս ու արյուն դառնալ։ Շուրջ ամիսուկես Հայաստանում գտնվող պառլամենտականները վերջապես համաձայնության են եկել` հավաքվել, օրակարգ մշակել եւ խորհրդարանի նիստ հրավիրել, անգամ կարծում են՝ կարող է օրակարգում քաղաքական հարց էլ չլինել, այլ դրանք վերաբերեն տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, սակայն փաստը, որ ԱՀ խորհրդարանը նիստ է անելու, ինքնին կնշանակի, որ չեն պատրաստվում ենթարկվել Փաշինյանի ցանկություններին եւ փակել Արցախի էջը ու նրա հետ կապված ամեն բան։
Մեր աղբյուրը պատմեց, որ այս օրերին չնայած որեւէ պատգամավոր չորով չի մերժել նիստ անցկացնելու առաջարկները, սակայն որեւէ մեկը տեղից չի շարժվել, գործուն ջանքեր չի ցուցաբերվել` «ճառ ասող են, բայց երբ հերթը գալիս է զանգ կախելուն, հետ են քաշվում»։ Պարզվում է` խոչընդոտներ ստեղծողներից մեկն էլ Արցախի պետնախարար, «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ Արթուր Հարությունյանն է, ով շահարկելով Արցախի ռազմաքաղաքական ութ պաշտոնյաների՝ Բաքվի բանտում գտնվելու փաստը, իբրեւ թե նրանց անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում է ոչ միայն կուսակիցներին, այլեւ նախագահ Սամվել Շահրամանյանին՝ առայժմ ակտիվություն չդրսեւորել եւ սպասել արտաքին, մասնավորապես՝ ՌԴ-ից եկող ազդակներին։ Բացի այդ, նա համոզում է քաղաքականապես անփորձ Շահրամանյանին, որ փոքր-ինչ ակտիվության դեպքում հազարավոր վտարանդի արցախցիներին միայնակ կթողնեն իրենց սոցիալական խնդիրների հետ։ Պատմում են, որ անցած շաբաթ «Մարիոթ»-ում տեղի ունեցած հայտնի փակ քննարկումից հետո, որին նաեւ Շահրամանյանն է մասնակցել, Արթուր Հարությունյանը նախատել է վերջինին, թե` գնացիր այդ հավաքին, դրա պատճառով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն արդեն մի քանի օր է՝ զանգերիս չի պատասխանում։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունից փոխվարչապետ Խաչատրյանն է միայն շփվում արցախցիների հետ եւ զբաղվում նրանց օգնության հարցերով։ Բանն այն է, որ Արցախի պետնախարարն ուղղակի չի ցանկանում անձնապես հայտնվել Փաշինյանի ու ՀՀ իրավապահների թիրախում, եւ դրանով է պայմանավորված պասիվ մնալու դիրքորոշումը։
Իսկ խորհրդարանում քիչ չեն մարդիկ, որոնք կարծում են, որ ոչինչ չանելով կարժանանան սերունդների նզովքին, ուստի որոշել են այդ նիստն անել եւ ստուգել, թե ովքեր չեն գա նիստին: Կնշանակի՝ նրանք համաձայն են Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի՝ Արցախը հիմնահատակ ոչնչացնելու դավաճանական ծրագրերի հետ։
Արցախի խորհրդարանի նիստ գումարելու եւ քվորում ապահովելու համար առնվազն 17 պատգամավորի ներկայություն է հարկավոր։ Ընդդիմադիր երեք խմբակցությունները միասին ութ պատգամավոր ունեն, Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության օրենսդիրները, բնականաբար, կողմ չեն ԱՀ պետական ինստիտուտների պահպանման գործընթացին: Թեպետ հստակ չեն արտահայտվում այդ մասին, բայց, դիցուք, խոսուն փաստ է, որ ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Բաղունցը, ով փոխարինում է Դավիթ Իշխանյանին եւ Սամվել Բաբայանի կուսակցության անդամ է, այս ընթացքում նիստ գումարելու նախաձեռնությամբ հանդես չի եկել եւ անգամ «անհասանելի» է օրենսդիրների համար։
Ընդդիմադիրներն ու Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավորները, որոնք տեւական ժամանակ է՝ բանակցում են այս հարցով, կարծես ունեն 17 քվե, եւ եթե իրավիճակ չփոխվի, ապա այս շաբաթ կհավաքվեն ու օրակարգ կձեւավորեն։ Նույնիսկ եթե ԱԺ նախագահին փոխարինող Գագիկ Բաղունցը նիստին չներկայանա, այն, մեր աղբյուրի խոսքով, ըստ ԱԺ կանոնակարգի, կվարի պատգամավորներից ամենատարեցը, եւ հաջորդ օրն իսկ Բաղունցին մեկ ուրիշով փոխարինելու նախագիծ կմտցնեն օրակարգ։