Իրանը կհակազդի Կովկասյան տարածաշրջանում իր սահմանները փոփոխելու ցանկացած փորձ. Իրանի նախագահը՝ Փաշինյանին

Իրանը կհակազդի Կովկասյան տարածաշրջանում իր սահմանները փոփոխելու ցանկացած փորձ. Իրանի նախագահը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Այս մասին  տեղեկացնում են ՀՀ վարչապետի պաշտոնական էջից։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին եւ անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցեր։

ՀՀ վարչապետն Իրանի նախագահին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային վերջին միջադեպերի վերաբերյալ։ Տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատման համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման կարեւորությունը:

Իրանի նախագահը, անդրադառնալով վերջին օրերին Հարավային Կովկասում տեղի ունեցող լարված միջադեպերին, հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի՝ վերջերս Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունը առ այն, որ Իրանը զգայուն է Կովկասյան տարածաշրջանում իր սահմանների հարցում եւ կհակազդի դրանք փոփոխելու ցանկացած փորձ:

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ երկկողմ կապերի շուրջ, ընդգծել դրանց սերտացման կարեւորությունը:

Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել հայ-իրանական հարաբերությունների զարգացման կապակցությամբ եւ նշել, որ Հայաստանը պատրաստակամ է հնարավորինս խթանելու երկու երկրների միջեւ ապրանքների տարանցումը եւ զարգացնելու համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում՝ ճանապարհային, էներգետիկ եւ այլ ուղղություններով։

Սեյեդ Էբրահիմ Ռայիսին պատմական ու խորն է որակել երկու երկրների փոխհարաբերությունները եւ ընդգծել հայ-իրանական կայուն տնտեսական համագործակցության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։