Սակայն ի՞նչ տարբերություն՝ Լուսինե Բադալյան, թե՞ Վահագն Խաչատուրյան

Սակայն ի՞նչ տարբերություն՝ Լուսինե Բադալյան, թե՞ Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչվել 1991թ-ին, իսկ լրագրողների հարցին, թե դեպքում ինչո՞ւ Ադրբեջանը երեսուն տարի չէր վերցնում Արցախը, ՀՀ նախագահը պարզապես ասում է. «Թող վերցներ»

Ինչպե՞ս հասկանալ ՀՀ նախագահի այդ խոսքերը, ստացվում է, որ վերջին երեք տասնամյակը այդ նույն ՀՀ-ն զբաղվել է իմիտացիայո՞վ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթաց անվան տակ: 

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը կարծում է, որ կա փաշինյանական օրակարգ, որի սպասարկուն է Խաչատուրյանը.

«Վահագն Խաչատուրյանը սպասարկում է այն քաղաքական օրակարգը, որը թելադրում է Նիկոլ Փաշինյանը։ Իշխանական հիերարխիայում Վահագն Խաչատուրյանը գրեթե ոչնչով չի տարբերվում Լուսինե Բադալյանից։ Նույն հաջողությամբ այս հարցը կարող էիք ինձ տալ, պարզապես նախագահի փոխարեն ասելով Լուսինե Բադալյանի այս կամ այն հայտարարությունը»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց նա:

Մաթևոսյանը զարմանքով շեշտեց.

«Լավ, ենթադրենք, 1991թ-ից ճանաչվել է, ավելին՝ ենթադրենք, որ Ղարաբաղյան շարժում էլ չի եղել, միջնորդները քսանհինգ տարի բանակցություններ են վարել փակված հարցի վերաբերյա՞լ։ Ո՞րն էր միջնորդների խնդիրը, որ իրենք վարել են այդ բանակցությունները»:
Մաթևոսյանի խոսքով՝ Փաշինյանի վերջին հայտարարությունն ԱԺ-ում բյուջեի քննարկումների ժամանակ այն մասին էր, որ ղարաբաղյան հարցը հատուկ այն ճանապարհով է տարվել, որ դրան լուծելուն զուգահեռ լուծվի նաև հայկական պետականության հարցը։ Ստացվում է, որ, ըստ Փաշինյանի, պատերազմն ի սկզբանե նախատեսված էր նրա համար, որ պատերազմի ընթացքում Հայաստանը զրկվեր պետականությունից, ու այդ ամենն ասելով ակնարկում է, որ ամենը Ռուսաստանի ծրագիրն է։ Եվ Վահագն Խաչատուրյանը հենց դա նկատի ուներ իր խոսքի մեջ.

«Ենթադրենք՝ Ռուսաստանի ծրագիրն է ու ամեն ինչ Ռուսաստանն է անում։ Ստացվում է ի՞նչ, որ երեսուն տարի Ռուսաստանի ծրագրերը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում սպասարկել են Վաշինգտոնն ու Փարի՞զը։ Եթե այդպես է, ուրեմն ի՞նչ, Պուտինը երեսուն տարի ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում գործակալներ է ունեցել, որոնք անձամբ Պուտինի ու Ռուսաստանի շահերն են սպասարկե՞լ։ Մնում է ծափահարել, որ Ռուսաստանն այդքան զարգացած գործակալական ցանց ունի։ Այս եզրակացությանն ենք գալիս Լուսինե Բադալյանի կամ Վահագն Խաչատուրյանի հայտարարություններից»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Մարիա Զարգարյան