Քաղաքացին նորից տուգանքի մատերիալ է, տարեկան 12000 դրամը կդառնա 160 000 դրամ․ «Մայր Հայաստանը» դեմ է

Քաղաքացին նորից տուգանքի մատերիալ է, տարեկան 12000 դրամը կդառնա 160 000 դրամ․ «Մայր Հայաստանը» դեմ է

Երևանի ավագանու իշխանական հատվածը՝ ի դեմս կոալիցիոն գործընկերներ ՔՊ-ի և «Հանրապետություն» կուսակցության, «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ» հեղափոխական ակցիայի շրջանակներում նոր նախագիծ են ներկայացրել, որով մտադիր են մի քանի անգամ ավելացնել Երևանում կայանման վճարը։

Մասնավորապես, եթե այս պահի դրությամբ «կարմիր գծերում» կայանելու մեկ տարվա վճարը կազմում է 12 հազար դրամ, ապա 2018-ին «կարմիր գծերը» վերացնելու խոստմամբ իշխանության եկած թիմն այսօր ուզում է դա դարձնել 160 հազար դրամ։

Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ՔՊ-ականների առաջ քաշած այս «բարեփոխումը», որը հիմնավորում են Երևանի Կենտրոնի բեռնաթափման հրամայականով, առաջացրել է ինչպես վարորդների, այնպես էլ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամների դժգոհությունը։ 

Mediahub-ի հետ զրույցում ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանն ասաց, որ իրենք կտրականապես դեմ են ՔՊ-ի ներկայացրած այս նախագծին, որը հնարավոր է՝ քննարկման դրվի դեկտեմբեր ամսին։ 

«Մենք միանշանակ դեմ ենք լինելու, որովհետև 2018 թվականին արագաչափից կախվելով ու ժողովրդին սուտ խոստումներ տալով, թե՝ «կարմիր գծերը կհանենք», «արագաչափերը կհանենք», «քաղաքացին տուգանքի մատերիալ չի» եկան իշխանության, և, ինչպես բոլոր հարցերում, այս հարցում ևս 100 տոկոսով հակառակն արեցին։ Հիմա քաղաքացին նորից տուգանքի մատերիալ է դարձել՝ տարեկան 12 հազար դրամը կդառնա 160 հազար դրամ, իսկ Կենտրոնից դուրս կդառնա 24 հազար դրամ։ Ժամավճարն էլ 100 դրամից կդառնա 300 դրամ»,- ասաց Գևորգ Ստեփանյանը։ 

Նա նաև ասաց, որ նախագիծը, ամենայն հավանականությամբ, մինչև տարվա վերջ կդրվի ավագանու նիստի քննարկման․ «Իմ կարծիքով՝ կամ դեկտեմբերի 26-ի հերթական նիստին կդնեն քննարկման։ Կամ ուզում են արտահերթ նիստ գումարել՝ հենց արտահերթ նիստով էլ կբերեն այդ նախագիծը կներկայացնեն»։ 

Ըստ ավագանու ընդդիմադիր անդամի՝ նախագծի հեղինակները բացատրում են, թե քաղաքը շատ ծանրաբեռնված է, դրան էր միտված նաև 2.5 տոննայից ավելի բեռնատարողությամբ մեքենաների մուտքը կենտրոն արգելելու վերջին որոշումը։

Մեր հարցին՝ իրենց խմբակցությունը մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափելու վերաբերյալ ի՞նչ ավելի արդյունավետ լուծում է առաջարկում, «Մայր Հայաստան» խմբակցության անդամն ասաց․ «Կենտրոնը բեռնաթափելու վերաբերյալ հենց այդ 2.5 տոննաների մասով, որ իրենք ժամը 9-ից 6-ն են սահմանել, մենք երեկ առաջարկ ենք արել՝ փոխեն ժամերը, գոնե ժամը 12-ից 16-ը թողնեն՝ մարդիկ աշխատեն, այդ ժամանակահատվածում քաղաքի կենտրոնը այդքան էլ ծանրաբեռնված չէ, հետո երեկոյան ժամը 6-ից, երբ քաղաքի փողոցները նորից լցվում են մեքենաներով, նորից արգելեն։ Իսկ կայանատեղիների մասով հիմա մենք մտածում ենք ու մեր առաջարկներն արդեն կանենք։ Բայց իրենց առաջարկած այս սխեմային, այս թանկացումներին ու տուգանքներին միանշանակ դեմ ենք լինելու»։ 

Նշենք, որ քաղաքապետարանը այս թեմայով դեկտեմբերի 1-ին նաև հանրային լսումներ է հրավիրել։ 

Վահե Մակարյան