Շուշիի ու Հադրութի բնակիչները որտե՞ղ պետք է խաղաղ ապրեն․ Թագուհի Թովմասյանը՝ 5 կետերի և կարևոր հարցերն անտեսելու մասին

Շուշիի ու Հադրութի բնակիչները որտե՞ղ պետք է խաղաղ ապրեն․ Թագուհի Թովմասյանը՝ 5 կետերի և կարևոր հարցերն անտեսելու մասին

 Ես, ինչպես հրապարակային, այնպես էլ պաշտոնական ընթացակարգով՝ նամակ եմ ուղարկել Նիկոլ Փաշինյանին և խնդրել եմ օպերատիվ արձագանք և պարզաբանում, թե խաղաղության պայմանագիրն իրենից ինչ է ենթադրում։ Մենք ունենք հարցեր, որոնք պետք է հրատապ իրենց պատասխանը ստանան։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ խոսելով Բաքվի ներկայացրած 5 կետերի մասին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը ներկայացրել է իր 5 կետերը` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Հայաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանն է դիմել՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։ Նշենք նաև, որ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների։

«Առաջին հարցն այն է, թե ինչ եղավ գերիների հարցը, այսինքն, մենք մոռացա՞նք մեր եղբայրներին, որ ասում էին՝ 1-2 ամիս էլ կսպասեն, բայց այդ 1-2 ամիսը, կարծես, շատ է ձգձգվում ու շուտով մի տարի կդառնա։ Երկրորդ՝ ի՞նչ է լինելու Արցախի ապագան։  Արարատ Միրզոյանն ասում է՝ մենք իրավունքի դաշտում ենք դիտարկում խնդիրը, իրավունքի դաշտում դիտարկելն ի՞նչ է նշանակում, այսինքն, ձեզ համար միևնո՞ւյն է, թե արցախցին որտեղ է ապրելու, կարևորը՝ նրա իրավունքները պաշտպանվե՞ն, ինչպե՞ս են պատկերացնում, որ Ադրբեջանի կազմում արցախցին անվտանգ ապրի»,-դիտարկեց նա։

Թագուհի Թովմասյանի խոսքով՝ լրջագույն ռիսկ կա առաջ բերված կետերի մեջ։ Նրա խոսքով՝ պետք է նաև հասկանալ, թե ինչ է իրենից ենթադրում կոմունիկացիաների բացումը և սահմանազատումն ու սահմանագծումը։

«Ո՞ր թվականի քարտեզներով են սահմանազատումն ու սահմանագծումն անելու, պարազաբանված չէ նաև այն հայտարարությունը, որ անկլավներ կան Հայաստաննում, որոնք պետք է վերադարձնենք Ադրբեջանին, որո՞նք են դրանք, վերադարձվելու են, թե ոչ»։

Դիտարկմանը, թե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ենթադրում էր, որ կողմերը պետք է մնան այնտեղ, որտեղ կանգնել են, բայց թշնամին շարունակեց առաջ գալ, հին քարտեզներ առաջ բերել և նույնը կարող է նաև հիմա կրկնվել, Թովմասյանը պատասխանեց՝ երաշխիքներ են պետք, օրինակ Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական ԶՈՒ-ն դեռ տեղակայված է և պատկերացում անգամ չկա, թե երբ են նրանք դուրս գալու։

«Մենք պատկերացում չունենք Արցախի ապագայի հստակեցումից, ի՞նչ է լինելու Շուշիի ու Հադրութի ճակատագիրը, նրանց բնակիչները որտե՞ղ պետք է խաղաղ ապրեն»,- շեշտեց նա և հարցին, թե ինչու այս հարցերի պատասխանը Փաշինյանը չի տալիս, վերջինս պատասխանեց՝ Փաշինյանն ամիսներ շարունակ նույնիսկ մամուլի խոսնակ չունի և սա ցույց է տալիս վերաբերմունքը հասարակության նկատմամբ։ «Հասարակության հարցերին պատասխանելը նա չի կարևորում»։

Լիաննա Թորոսյան